Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված Միջհամայնքային մշակութային 1-ին ArtExpo ցուցահանդեսը և մրցույթ-փառատոնը տեղի կունենա Վանաձորում և Գյումրիում նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Ինչպես սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, լայնածավալ միջոցառումների համար հատկացվել է 25 մլն դրամ, որից 10 մլն դրամը մրցանակային հիմնադրամն է: Նա հավելել է, որ նոյեմբերին Երևանում տեղի կունենա գալա-համերգ, որին կմասնակցեն մրցույթների հաղթողները, որոնք հնարավորություն կունենան նաև ներկայացնել իրենց աշխատանքները:
Իր հերթին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ Միջհամայնքային մշակութային 1-ին ArtExpo ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է մշակույթի պահպանումն ու զարգացումը մարզերում: Սեպտեմբերի 8-9 Գյումրիում կայանալիք ArtExpo ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 100 քաղաքային ու գյուղական համայնքներ, որոնք կզբաղեցնեն 90 միանման ձևավորված տաղավարներ, ըստ մարզերի և հետևյալ անվանակարգերի՝ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք», «Մշակութային լավագույն գյուղական համայնք», «Լավագույն մշակույթի տուն», «Լավագույն դպրոց» «Լավագույն գրադարան», «Լավագույն թանգարան», «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող», «Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ», «Պատմամշակութային ժառանգության պահպանման և օգտագործման լավագույն օրինակ»:
Բացի այդ, ըստ մշակույթի նախարարի, կցուցադրվեն «Լավագույն տեսաֆիլմ» անվանակարգում ներկայացված տեսաֆիլմերը: Կընտրվեն «Լավագույն պարային խումբը», «Լավագույն ազգային նվագարանների խումբը», «Լավագույն ժողովրդական երգի համույթը»: