6 սեպտեմբերի 2011 - 12:41 AMT
«Կյանքի խոսքի» գործունեությունը Քանաքեռում միշտ եղել է Արարատյան թեմի ուշադրության կենտրոնում

Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ Արարատյան հայրապետական թեմը տեղեկացրել է PanARMENIAN.Net-ին. սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոցացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները:

Արարատյան թեմը ահազանգ է բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետևանքներ է բերում մարդկանց թե հոգևոր, և թե ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաև իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրև Առաքելական եկեղեցի:

«Կոչ ենք անում չխաբվել և զգուշանալ, որ որևէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում: Զգոն եղեք: Ձեզ հուզող հարցերով մշտապես դիմեք հոգևորականներին, կամ գրեք Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքին: Մենք հետևողական ենք և արձագանքում ենք հուզող բոլոր հարցերին», հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:

Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը քաղաքացիական նախաձեռնության անդամները Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, բացահայտել են, որ Հայ Առաքելական եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից այն վերածվել է «Կյանքի խոսք» աղանդի հավաքատեղիի: Ըստ բնակիչների, աղանդավորները վաղ առավոտյան և ուշ երեկոյան Հայ Առաքելական եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը և դրա հետևանքները:

«Կյանքի խոսքը» հետագայում հերքել է, որ այդ տարածքը հանդիսանում է իրենց հավաքատեղին: