6 սեպտեմբերի 2011 - 12:58 AMT
Ստեփան Դանիելյան. Նախագահը պատրաստ է ընդունել Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած ցանկացած օրենք

«Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նոր նախագիծը շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը օրենքի մասին իրենց տեսակետները հայտնեցին Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։

«Կարծում են այս օրենքի շուրջ ծագած այսքան բուռն քննարկումների պատճառը հետևյալն է. կառավարությունում վարչապետը զբաղված է օրենքն առաջ տանելով, իսկ գործող նախագահը ունի հետևյալ դիրքորոշումը՝ ընդունեք ցանկացած օրենք, ուղարկեք Վենետիկի հանձնաժողով։ Եթե նրանք կընդունեն, նախագահը որևէ այլ խնդիր չի տեսնում»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Բանախոսը սա մեկնաբանում է Եվրամիությանն ու ԵԱՀԿ-ին հաճոյանալու ձգտումով, քանի որ եթե Հայաստանը այդպես չանի, Ղարաբաղի հարցում իրեն չեն սատարի, վարկեր այլևս չեն տա։ Նա նշեց, որ արդարադատության նախարարության առաջարկած վերջին նախագծում որոշակի առաջընթաց կա։ Օրինակ, խղճի ու կրոնի ազատությունը տարածվում է բոլորի վրա, ոչ թե միայն ՀՀ քաղաքացիների։ Դանիելյանը նաև մատնանշեց այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Վենետիկի հանձնաժողովում. «Իմ կարծիքով հոգևորսության սահմանման մեջ հստակ է, թե ինչ է նշանակում ֆիզիկական բռնություն, սակայն հոգեբանական բռնություն գործադրելը անհասկանալի է»։

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց, որ իրենց՝ հոգևորականների համար հոգևորսությունը հստակ է. «Երբ որ ես որևէ մեկին փորձում եմ համոզել իմ կրոնի մեջ, և զանազան միջոցներով՝ հոգեբանական, բարոյական, ֆինանսական, վարչական ճնշում եմ գործադրում, ես զբաղվում եմ հոգևորսությամբ։ Եթե դու ուրիշի տարածքում կատարում ես քարոզչություն, դա հոգևորսություն է»։ Սրբազանը հավելեց, որ հոգևորսության սահմանման վերաբերյալ անհանգստանում են միայն նրանք, ովքեր զբաղվում են հոգևորսությամբ։

Անդրադառնալով նախագծի այն կետին, ըստ որի արգելվում է թշնամանք հարուցելը այլ կրոնական կազմակերությունների նկատմամբ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց՝ բոլոր աղանդավորական կազմակերպությունները առաջացել են հենց ատելություն սերմանելով. «Եկել ասել են՝ ձեր քահանան վատն է, մոմ վառելը սխալ է, մատաղ անել չի կարելի»։ Նա նշեց, որ քննարկվող նախագծում կա միտում սահմանափակելու Հայ Առաքելական եկեղեցու ազատությունները, սակայն Առաքելական եկեղեցին գոյատևել է ավելի վատ պայմաններում. «Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև, սակայն չպետք է գործեն նույն դաշտում, ինչ Հայ Առաքելական եկեղեցին»։