Խելագարության հասցված զինվորի մասին հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

Խելագարության հասցված զինվորի մասին հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին պաշտպանության նախարարությունից, հարուցված քրեական գործը կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում` նախաքննություն անցկացնելու համար: Քրեական գործի մանրամասները ի հայտ կգան նախաքննության արդյունքում, և դրանց վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում:

375 հոդվածն է «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»: Այդ հոդվածի առաջին մասով՝ Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, նախատեսվում է պատիժ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Արցախում՝ Ասկերանում, արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, Երևանում: Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 5-ին Նորքի հոգեբուժարանում նկարահանել են, թե Հովհաննեսը ինչ վիճակում է գտնվում, ինչպես նաև Հովհաննեսի հարազատներին, ովքեր մանրամասն պատմում եմ իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը այդ միջադեպի մասին:

Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդը անընդհատ կրկնում բանակում տված երդումը, անկանոն շարժումներ անում, կրկնում բանակային վարժանքները, խոսում անտրամաբանական, չկապակցված նախադասություններով: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը այս վիճակում հայտնվել, նա ասում է. «Ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն… օֆիցեռները»: Սակայն նա չի հիշում անունները և ինչ-որ մականուններ է նշում:

Նախկին զինվորի հայրը՝ Վարդան Վարդանյանը, պատմում է, որ 1991 թվականին ծնված իր որդին եղել է առողջ, զբաղվել է սպորտով, երկու անգամ ժամանակին անցել է բժշկական համապատասխան հանձնաժողովները: Նա զորակոչվել է բանակ 2010 թվականին, և ծառայել է հանգիստ մեկ տարուց ավելի: Ապա հայրը զանգ է ստանում որդու ընկերներից, թե Հովհաննեսը վիճաբանություն է ունեցել սպաներից մեկի հետ: 17 օր հետո զանգ է ստանում, որ որդին գտնվում է Երևանում՝ հոգեբուժարանում: Այն դեպքում, երբ զինկոմիսարիատից հարազատներին տեղյակ չէին պահել, որ զինվորը հոգեբուժարանում է: Նույն կերպ զարմանում են հոգեբուժարանում, որ երիտասարդի ծնողները չեն գալիս որդու մոտ: Հրամանատարը Վարդան Վարդանյանի զանգերին չի պատասխանում, տեղեկանալով, թե ով է զանգողը: Ապա հայրը կապ է հաստատում նաև պաշտպանության նախարարության հետ, համապատասխան բաժին 3 դիմում է գրում, սակայն պատասխան դեռ չի ստացել: Նախկին զինվորի ծնողին փորձում են համոզել, որ այս հոգեկան վիճակում զինվորը հայտնվել է վախի արդյունքում, սակայն հայրը չի հավատում, քանզի մինչ այդ զանգ էր ստացել վիճաբանության մասին: Հայրը ցույց է տալիս տեսանյութում որդու մարմնի վրա եղած բռնությունների հետքերը, որոնք սպիացել են, սակայն երևում են, չնայած արդեն երկու ամսից ավելի է անցել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---