
Թուրքիան անտարբեր է WikiLeaks-ի հրապարակած գաղտնի հեռագրերի հանդեպ: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Վկայակոչելով ԱՄՆ դիվանագետներին` WikiLeaks-ը անհիմն տեղեկատվություն է տարածում` ուղղված տարածաշրջանի տարբեր պետությունների միջև հարաբերությունների լարմանը: Մենք բազմիցս հերքել ենք նման տեղեկատվությունը»,- նշել է դեսպանը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը WikiLeaks-ի` Ադրբեջանի հետ կապված վերջին հաղորդագրությունները «սուտ և զրպարտություն» է անվանել:
Սեպտեմբերի սկզբին WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հեռագրերի ողջ արխիվը, փաստաթղթերի ընդհանուր թիվը հասնում է 250 հազարի: Հրապարակված փաստաթղթերի թվում եղել են ամերիկյան դիվանագետների հաշվետվությունները Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ նա բացասական գնահատական է տալիս Էրդողանի կառավարությանն ու քննադատում Իրանի նախագահին, ինչպես նաև դիվանագետների հեռագրերը, որոնք Ալիևի հասցեին ուղղված քննադատություն են պարունակում: