WikiLeaks. Ռոբերտ Քոչարյանը սպասում է Սերժ Սարգսյանի վարկանիշի և ժողովրդականության անկմանը

WikiLeaks. Ռոբերտ Քոչարյանը սպասում է Սերժ Սարգսյանի վարկանիշի և ժողովրդականության անկմանը

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որոնց թվում` ԱՄՆ դեսպանի տեղակալ Ջոզեֆ Պեննինգտոնի 2009թ. փետրվարի 18-ի հեռագիրը, որտեղ նա ներկայացնում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ, Նիկոյանի խոսքով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին լուրերին վերաբերող քաղաքական ինտրիգները հանդարտվեցին այն բանից հետո, երբ իրենց գագաթնակետին հասան դեկտեմբերին: «Նիկոյանն ասաց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ է հանդիպել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 26-ին խորհրդարանում հարկերի մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ քվեարկություն է կայացել, որի ժամանակ կոալիցիոն գործընկերներ «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅ Դաշնակցությունը հանդես են եկել ՀՀԿ նախաձեռնության դեմ»,- ասվում է փաստաթղթում: Պեննինգտոնի խոսքով, Նիկոյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու ՀՅԴ անդամները քննադատել են օրինագիծը, որը հակասում է օլիգարխների տնտեսական շահերին:

Ընդ որում, ամերիկյան դիվանագետը նշել է, որ Նիկոյանը հաղորդել է, թե Սարգսյանը Քոչարյանին ասել է. «Եթե ուզում ես, կարող ես վարչապետ դառնալ, բայց պետք է հետդ նոր նախագահ բերես»: Նրա խոսքով, Հայաստանի նախագահը չի հանդուրժի իր կառավարության դեմ Քոչարյանի խուսավարումները, և որ այդ քաղաքական պատերազմների շարունակությունը կարող է լիամասշտաբ հակամարտության հանգեցնել:

Պեննինգտոնի հեռագրում ասվում է նաև, որ Նիկոյանի գնահատմամբ, եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենա զբաղեցնել գործող վարչապետի տեղը, ապա, չնայած Սերժ Սարգսյանի հետ հակամարտությանը, բավականաչափ ձայներ կհավաքի խորհրդարանում անվստահության վոտում բարձրացնելու համար: «Սակայն, ըստ երևույթին, Քոչարյանը չի պատրաստվում քաղաքական պայքարի մեջ մտնել իր նախկին հովանավորյալ Սերժ Սարգսյանի հետ»,- նշվում է փաստաթղթում:

Ջոզեֆ Պեննինգտոնի ամփոփիչ մեկնաբանության մեջ ասվում է. «Մենք գտնում ենք, որ Նիկոյանը բավական բաց և հեղինակավոր աղբյուր է ՀՀԿ-ում ներքին գործընթացների վերաբերյալ: Նա Սերժ Սարգսյանի մարդն է»:

Պեննինգտոնի խոսքով, Նիկոյանի վարկածը հիմք ունի. Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին լուրերը իսկապես հանդարտվել են վերջին ժամանակներս: Նա նկատել է նաև, որ հունվարին քաղաքական լուրեր էին տարածվել այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզբաղեցնի վարչապետի տեղը: Այս համատեքստում նա նկատել է, որ Սամվել Նիկոյանն ինքը դրանից երկու շաբաթ առաջ չէր բացառել նման հնարավորությունը: «Մենք կասկածում ենք, որ Քոչարյանը սպասում է, որպեսզի տնտեսական ճգնաժամն անդրադառնա Սերժ Սարգսյանի վարկանիշի և ժողովրդականության վրա, և այդ ժամանակ որոշիչ քայլ կանի, որպեսզի իշխանության վերադառնա որևէ որակով»,- նշվում է Պեննինգտոնի մեկնաբանության մեջ:

Հարկ է նշել, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև ոչ մի հակասություններ չկան: «Դրանք այն մարդիկ են, ովքեր միասին անցել են պատերազմի ողջ ճանապարհը, կոփվել և կռվել են միասին: Նման մարդիկ հակասություններ չունեն»,- նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---