7 սեպտեմբերի 2011 - 11:12 AMT
Վարդան Մինասյան. Հավաքականը պահպանում է փլեյ-օֆ դուրս գալու համար պայքարելու շանսերը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը արտագնա խաղում 4: 0 հաշվով Սլովակիայի հանդեպ տարած հաղթանակից հետո նշել է, որ իրենք Ժիլինա էին ժամանել միայն հաղթելու տրամադրվածությամբ: «Սակայն, ես նույնիսկ չէի կարող ենթադրել, որ ամեն ինչ այսպես կստացվի: Սլովակները գերազանց են պաշտպանվում և ցույց են տալիս կազմակերպված ֆուտբոլ: Սակայն, իմ սաները հիանալի խաղացին, ես հպարտանում եմ նրանցով»,-Մինասյանի խոսքերն է մեջբերում Սլովակիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի մարզիչը հայտարարել է նաև, որ թիմը պահպանում է Եվրո-2012 փլեյ-օֆ դուրս գալու համար պայքարելու շանսերը: Ըստ նրա, այժմ Հայաստանի մարզչական շտաբը կվերլուծի սլովակների հետ խաղը և կպատրաստվի Մակեդոնիայի հետ խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Երևանի հանրապետական մարզադաշտում:

Հաղթանակից հետո հայկական թիմը վաստակեց 14 միավոր և Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի B խմբում բարձրացավ 3-րդ տեղը: Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը, որը ոչ ոքի խաղաց Իռլանդիայի հետ՝ 0:0 և վաստակեց 17 միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է: