7 սեպտեմբերի 2011 - 12:36 AMT
NASA -ի վեբ-ծրագրի միջոցով հնարավոր է ուսումնասիրել տիեզերքը 3D ֆորմատով

NASA-ն ստեղծել է բրազուերի հիմքի վրա գրված վեբ-ծրագիր, որը թույլ է տալիս ուսումնասիրել տիեզերքը, լուսինը, աստերոիդները և արեգակնային համակարգի այլ օբյեկտները իրական ժամանակում՝ եռաչափ ֆորմատով։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։

Այս ծրագիրը կոչվում է «Աչքերը Արեգակնային համակարգի վրա»։ Այն օգտագործում է վիդեոխաղերի տեխնոլոգիան և NASA-ի տվյալները, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց կառավարել տեսադաշտը՝ սեղմելով և տեղաշարժելով մկնիկը։

«Սա առաջին անգամ է, որ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել ամբողջ արեգակնային համակարգը, ինչպես նաև NASA-ի առաքելությունները, քանի որ ծրագիրը նաև ցույց է տալիս NASA-ի տիեզերանավերը»,- ասել է NASA-ն։

Ծրագիրը աշխատացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Unity Web Player-ը, որը անվճար փլագին է թե Mac, և թե Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակագիչների համար։ Այնուհետև կարելի է սկսել ուսումնասիրել տիեզերքը, մոլորակները, գիսաստղերը և աստերոիդները։

Բացի այս ամենից հնարավոր է ճամփորդել ետ՝ 1950-ականներ և առաջ՝ 2050՝ դիտելով ապագայում պլանավորված ծրագրերը։ Այս ամենը տեսնելու համար պարզապես անհրաժեշտ է ծրագրում փոխել ժամանակը, ուղղությունը և արագությունը։ Իսկ եթե օգտագործողն ունի եռաչափ դիտման համար նախատեսված ակնոց, ապա կարող է այս ամենը տեսնել եռաչափ։