«Խոսքի իրավունք». ՊՆ-ն գիտեր խելագարության հասած զինվորի մասին

«Խոսքի իրավունք». ՊՆ-ն գիտեր խելագարության հասած զինվորի մասին

PanARMENIAN.Net - Երեկ համացանցում կայծակի արագությամբ տարածվեց խելագարության հասցված զինվորի մասին սահմռկեցուցիչ տեսանյութը: Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ կատարվածի մասին տեղեկացել է այդ տեսանյութից: «Խոսքի իրավունք» միավորումը անդրադարձել է տեսանյութին ու ՊՆ դիրքորոշմանը։

«Ասկերանի զորամասի հրամանատարը պարտավոր էր այդ դեպքը ներկայացնել ռազմական ոստիկանությանը։ Վերջինս այդ մասին պիտի հաղորդում ներկայացներ ՊՆ-ի քննչական վարչություն և զինվորական դատախազություն: Հասկանալի է, որ այդ դեպքը փորձել են կոծկել և «Չենք լռելու» նախաձեռնության կողմից տեսանյութի տարածումից հետո ստիպված են եղել արագ ծառայողական քննություն սկսել ու հայտարարել, որ քրեական գործ է հարուցվել»,- նշվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ:

Միավորումը հավելում է, որ պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել Ասկերանի զորամասում ծառայող Հովհաննես Վարդանյանի խելագարության մասին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության կողմից օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարին հղած դիմումից, որում անդրադարձ է կատարվել Հովհաննես Վարդանյանի դեպքին:

Դրանից բացի, «Խոսքի իրավունք»-ը գտնում է, որ եթե Հովհաննեսը հոգեկան անառողջ վիճակ ունեցել է ավելի վաղ` նախքան բանակ գնալը, ապա դա պարտավոր էր բացահայտել զինվորական հանձնաժողովը. «Ժառանգականությունը հենց այնպես չէր կարող գլուխ բարձրացնել բանակում։ Այս ամենից հետո ՊՆ-ն ձևացնում է, թե, իբր, տեղյակ չէր Վարդանյանի դեպքի մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ հայկական բանակը առողջացման կարիք ունի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---