7 սեպտեմբերի 2011 - 15:06 AMT
Կրեմլն ու Մինսկը վիճում են ԱԱՀՈւ շուրջ. Մոսկվան մտադիր չէ պաշտպանել Լուկաշենկոյին

ՌԴ ղեկավարության դժգոհությունն են առաջացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ օգոստոսի 30-ին Մինսկում հանդիպման ժամանակ: Ինչպես գրում է «Իզվեստիան», ի թիվս այլ հարցերի նախագահն ու գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կիրառման հնարավորությունը պետական հեղաշրջումների կանխման համար: «Մենք լրջորեն քննարկել ենք այս խնդիրը, դա զգալի աջակցություն կլինի ՀԱՊԿ անդամ երկրներին: Որովհետև պատերազմով մեր դեմ ոչ ոք չի գա, իսկ սահմանադրական հեղաշրջում հրահրողները շատ են: Մենք պետք է պաշտպանենք ՀԱՊԿ երկրների ամբողջականությունն ու անկախությունը»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Աղբյուրը Կրեմլում պարզաբանել է «Իզվեստիա» թերթին, որ Լուկաշենկոն աղավաղել է ԱԱՀՈւ օգտագործման գաղափարը և պաշտպանել նրա ռեժիմը 2010թ. դեկտեմբերի իրադարձությունների կրկնությունից ոչ ոք չի պատրաստվում: Ինչպես հաղորդում է թերթը, թեև Լուկաշենկոն «համարվում է Ռուսաստանի դաշնակիցը», ՌԴ ԱԳՆ ցուցումներ է ստացել մշտապես «տեղը դնել» Բելառուսի իշխանություններին:

«Խոսքը գնում է ՀԱՊԿ սահմանադրական կարգի պաշտպանության համար օգտագործելու մասին: Երբ ազգային ուժերը ուղղակի ի վիճակի չեն սանձել իրավիճակը, երբ սպառնալիք կա քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, զանգվածային թալան ու դիակապտություն է տիրում, ՀԱՊԿ կարող է միջամտել: Այն, ինչ կատարվեց 2010թ. դեկտեմբերին Մինսկում պետության ներքին գործն է»,-ասել է Նիկոլայ Բորդյուժան:

Աստանայում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում որոշվեց բարեփոխել ԱԱՀՈւ-ն: Բացի այդ, Ուզբեկստանին կարող են հեռացնել ՀԱՊԿ-ից , քանի որ նրա մասնակցությունը զուտ ձևական է: ՀԱՊԿ բարեփոխման մշակմանը մասնակցել է ռուս փորձագետ Իգոր Յուրգենսը: