7 սեպտեմբերի 2011 - 16:13 AMT
ԵՄ կողմից էմբարգո սահմանելու պատճառով Սիրիան նավթը կվաճառի Ռուսաստանին ու Չինաստանին

ԵՄ կողմից սիրիական նավթի վրա էմբարգո սահմանելու պատճառով Սիրիան նավթը կվաճառի Ռուսաստանին ու Չինաստանին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ֆինանսների նախարար Մոհամմադ ալ Ջլեյլաթին, հայտնում է «Ռոյթերսը»: «Մենք կամ կվերամշակենք այն, կամ անմիջապես կվաճառենք Ռուսաստանին ու Չինաստանին»,-հայտարարել է Սիրիայի ֆինանսների նախարարը:

Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ կառավարությունը չի մտահոգվում պատժամիջոցների վերաբերյալ, քանի որ դրանք ամենևին չեն անդրադառնա տնտեսության վրա:

Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ն էմբարգո սահմանեց սիրիական նավթի վրա: Նավթային էմբարգոն սահմանվեց ի պատասխան Սիրիայի իշխանությունների, որոնք դաժանորեն ճնշեցին հակակառավարական ելույթները: Մինչ այդ Դամասկոսը Եվրոպա էր վաճառում մոտ 110-150 հազար բարել նավթ օրական, հիմնականում Գերմանիա ու Իտալիա:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: