7 սեպտեմբերի 2011 - 16:15 AMT
Հայտնի են դարձել Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականների անունները

ՀՀ ԳԱԱ նախագահությունում հրապարակվել են 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: ԳԱԱ-ից տեղեկացնում են, որ հաղթողներ են ճանաչվել Տաթևիկ Շախկուլյանը, Անահիտ Մենեմշյանը, Արման Եղիազարյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Էմիլ Օրդուխանյանը, Անահիտ Մանասյանը, Հայկ Սուքիասյանը, Խաչատուր Մանուկյանը, Ջոն Կարապետյանը, Քրիստինե Փիրումյանը, Հայկ Խաչատրյանը, Դավիթ Հայրապետյանը, Հայկ Գրիգորյանը և Սմբատ Գոգյանը:

ՀՀ ԳԱԱ որոշել է նաև երիտասարդ գիտնականների համար սահմանել «Ակադեմիա» անվանակարգով ամենամյա մրցանակ: Այն ամեն տարի կհայտարարվի մինչև 35 տարեկան այն գիտնականների համար, որոնց գիտական աշխատանքները` հոդված, հոդվածաշար և այլն, կհավաքեն ամենաբարձր իմպակտ-ֆակտորը: Մրցանակի չափը սահմանվել է 2 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցանակի կանոնադրությունը գտնվում է մշակման փուլում:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ: