7 սեպտեմբերի 2011 - 17:25 AMT
Ռոբերտինո Լորետին համերգ կտա Երևանում

Աշխարհահռչակ իտալացի երգիչ, «Ջամայկա» երգի կատարող Ռոբերտինո Լորետին հոկտեմբերի 23-ին համերգ կտա Հայաստանում, Արամ Խաչատրյան համերգասրահում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին համերգասրահից: Համերգին հնչելու են Jamaica, Ave Maria, Santa Lucia և այլ նեոպոլիտանական երգեր:

Ռոբերտինո Լորետին ծնվել է 1947թ-ին Հռոմում ոչ հարուստ, բազմազավակ ընտանիքում: Մանկության շրջանում նկարահանվել է ֆիլմերում, իսկ 6 տարեկանում երգել է եկեղեցական երգչախմբում: 8 տարեկանում դարձել է Հռոմի օպերային թատրոնի մեներգիչ: Փոքր տարիքում նա ստիպված աշխատանքի է անցել հացի փռում, սակայն չի դադարել երգել: Շատ կարճ ժամանակահատվածում տեղի սրճարանները իսկական որս են սկսել պատանի երգչի համար:

Երգչի կարեիերայի համար ճակատագրական է դարձել 1960 թ-ին Հռոմում կայացող օլիմպիական խաղերը, որի օրերին Լորետիին նկատել է դանիացի պրոդյուսեր Սայր Վոլմեր-Սյորենսենը, ով հրավիրել է նրան Կոպենհագեն:Նրա կատարմամբ «O Sole mio» երգի ձայնասկավառակը դարձել է ոսկե: Դրանից հետո սկսվել է Լորետիի հաղթարշավը ողջ աշխարհում: Նրա առաջին այցելությունը ԽՍՀՄ կայացել է միայն 1989 թ-ին:

Հետագայում նրա ձայնը կորցրել է իր հաճելի տեմբրը և Լորետին որոշել է փոխել իր մասնագիտությունը և զբաղվել կինոպրոդյուսերությամբ և մասնավոր բիզնեսով: Իր տնից ոչ հեռու նա բացել է մթերային խանութ: 10 տարի ընդմիջումից հետո նա վերադարձել է բեմ և 1982 թ-ից առ այսօր կրկին համերգներ է տալիս: