ԱՊՊԱ-ն բացահայտո՞ւմ է պետական գաղտնիքը

ԱՊՊԱ-ն բացահայտո՞ւմ է պետական գաղտնիքը

PanARMENIAN.Net - Քանի՞ մեքենա է շահագործվում Հայաստանում։ ՀՀ Ոստիկանության ավագ տեսուչ Հայկ Սահակյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց՝ այդ հարցի պատասխանը չգիտի ոչ ոք և հավելեց. «Իրականում պետք էր հարցնել, թե քանի մեքենա է հաշվառված։ Բայց եթե անգամ հարցը ճիշտ ձևակերպվեր, պատասխան չէր լինի, քանի որ դա պետական գաղտնիք է»։ Իսկ Ոստիկանության իրավական բաժնում ասացին, որ տեղեկատվությունը գաղտնի է պահվում Ոստիկանության պետի հրամանով։

Սակայն ոչ վաղ անցյալում՝ տարեսկզբին, մեքենաների թվի մասին խոսում էին բոլորը՝ ԱՊՊԱ ոլորտի հետ կապված, և տարբեր ԶԼՄ-ներ նշվում էին, որ Հայաստանում կա մոտ 430 հազար մեքենա։ Այս պահի դրությամբ Ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնակայն կայքում կա մինչ հուլիսի 31-ը ԱՊՊԱ ստացած մեքենաների թիվը՝ 359 938։ Հաշվի առնելով այն փաստը, որ եթե ԱՊՊԱ չունես, պետք է մեքենան հանել հաշվառումից, կարող ենք ենթադրել, որ այս թիվը գրեթե համընկնում է Հայաստանում հաշվառված մեքենաների թվի հետ։ Ստացվում է, որ Ավտոապահովագրողների բյուրոն գրեթե բացահայտում է պետական գաղտնիքը։ Իսկ թե քանի մեքենա դեռ ԱՊՊԱ չունի, բյուրոյում խորհուրդ տվեցին ճշտել Ոստիկանությունից։

PanARMENIAN.Net ը փորձում էր պարզել՝ քանի մեքենա է Հայաստանում աղտոտում մթնոլորտը, քանի որ չնայած նրան, որ մեքենաների տերերը մուծում են բնապահպանական հարկ և չնայած «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին, ոչ ոք չի վերահսկում և ոչ ոք պատասխանատու չէ մեքենաներից մթնոլորտ արտանետվող վնասակար քաղցկեղածին ու մուտանտածին նյութերի համար, որոնք կարող են առաջացնել իմունային անբավարարության, նպաստել հայմորիտի, բրոնխիտի, թոքերի քաղցկեղի և սրտանոթային համակարգի տարբեր խանգարումների առաջացմանը։ ՀՀ կառավարության որոշմամբ վնասակար նյութերի չափման նպատակով ավտոմեքենաները պետք է կանգնեցվեին Ոստիկանության պետի և բնապահպանության նախարարի կողմից համատեղ ընդունված հրամանով: Սակայն դեռևս 2006 թվականին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հրամանի նախագծի ստորագրումը նպատակահարմար չի գտնում: PanARMENIAN.Net ը դեռ սեպտեմբերի 1-ին հարցում է ուղարկել՝ խնդրելով ներկայացնել այդ գրությունը կամ տալ համապատասխան հիմնավորում, սակայն դեռևս պատասխան չկա։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---