Երևանցիները վրդովվեցին և մոռացան. Թանկացած մետրոյից օգտվողների թիվը զգալիորեն չի պակասել

Երևանցիները վրդովվեցին և մոռացան. Թանկացած մետրոյից օգտվողների թիվը զգալիորեն չի պակասել

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենում պնդում են, որ մոտ ապագայում կկարողանան վերականգնել երևանյան մետրոյից օգտվելու նախկին ցուցանիշները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել մետրոպոլիտենի աշխատակիցը, քանի որ հայ հասարակությունն ի սկզբանե գիտեր այն մասին, որ մետրոյի ուղետոմսը թանկանալու է, մեծամասնությունն անմիջապես մեծ քանակությամբ ժետոններ ձեռք բերեց, ինչի շնորհիվ սկզբնական շրջանում հաջողվում էր պահպանել մետրոյից օգտվողների քանակի միջին նորման: «Տոմսի թանկացումից հետո թեթև անկում է նկատվում, սակայն մենք լավատեսորեն ենք տրամադրված և կարծում ենք, որ որոշ ժամանակ անց կկարողանանք վերականգնել նախկին ցուցանիշները»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, օրեցօր մետրոյից օգտվող մարդկանց թիվն ավելանում է: «Օրինակ` այսօր տրանսպորտի այս տեսակից օգտվել է 51 925 մարդ, երեկ` 48 820»,- ասել է նա:

Հունիսի 21-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ` 50-ի փոխարեն: Ինչպես ասաց քաղաքապետը, այսօր գործող մետրոյի սակագինը թույլ չի տալիս հոգալ ստորգետնյա տրանսպոտատեսակի ծախսերը: Քաղաքապետը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի այլ տրանսպոտային միջոցների սակագները չփոխվեն:

Այս որոշումը բավական բուռն արձագանք առաջացրեց հայ հասարակության շրջանում, որը բողոքելով որոշման դեմ, մի շարք բողոքի ակցիաներ անցկացրեցին հենց մետրոյում: Ակցիայի մասնակիցները հագնում էին շապիկներ «Մենք Դեմ ենք մետրոյի թանկացմանը», «Հետ տվեք մեր մանրը», «Հին մետրո` հին գին» և այլ գրություններով: Այս կապակցությամբ անգամ Facebook սոցիալական ցանցում «Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը» խորագրով էջ է բացվել, որին հազարավոր մարդիկ են միացել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---