8 սեպտեմբերի 2011 - 12:34 AMT
Ոստիկանությունը դժվարությամբ էր սանձում նախագահի նստավայրի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք առավոտյան բողոքում էին ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ:

Երթի ժամանակ ակցիայի մասնակիցները կոչ էին անում անցորդներին անտարբեր չանցնել և միանալ ակցիային: Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ նման ակցիաները շարունակական են լինելու: «Մենք պահանջում ենք կոնկրետ երաշխիքներ և գործողություններ կասեցնելու համար սպանությունները բանակում և չենք ցանկանում սահմանափակվել պնդումներով, թե նման միջադեպերը նվազել են»,-հայտարարել է նա: Ըստ նրա, բանակը պետք է թափանցիկ լինի հանրության համար: «Մենք չենք խնդրում, որ բացահայտվեն ռազմական գաղտնիքներ, սակայն, հանրությունը պետք է իմանա, թե ինչէ կատարվում բանակում»,-ասել է Սաքունցը: Նա հայտնել է, որ 2007-2010թթ. բանակում զոհվել է 282 մարդ, որոնցից միայն 28-ն են զոհվել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման պատճառով:

Ոստիկանության 10 աշխատակիցներ դժվարությամբ էին վերահսկում բողոքող ծնորղների ամբոխը: Նրանք շղթա էին կազմել և չէին թույլ տալիս, որ մարդիկ մոտենան նստավայրին: Ամբոխը վանկարկում էր՝ «մարդասպաններ, մարդասպաններ..» և ձգտում էր մոտենալ շենքին:

Այժմ ակցիայի մասնակիցները երթով շարժվում են հետ՝ դեպի կառավարության շենքը: