8 սեպտեմբերի 2011 - 12:36 AMT
Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականը պատրաստ է դուրս գալ Եվրոպայի առաջնություն երկրորդ տեղից

«Մեր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի հենց սկզբից ներշնչում էր մեզ, որ մենք անպայման հաղթելու ենք, եթե ճիշտ խաղանք սլովակների հետ: Նա հիշեցնում էր, որ Երևանում մենք նրանց հաղթեցինք, ուրեմն նրանց դաշտում ևս կարող ենք դա անել: Մենք հասկանում էինք, որ դեռ պահպանում ենք խմբից դուրս գալու շանսերը և մտադիր էինք իրացնել դա կոնկրետ խաղում»,- Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:

Ըստ Բերեզովսկու, իրենք առաջարկեցին սլովակներին արագ կոմբինացիոն ֆուտբոլ և առաջին իսկ պահից հոգեբանական առավելության հասան: «Մենք ցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը: Մեր պաշտպանությունը ևս բարձունքի վրա է, եթե մենք ոչ մի գնդակ բաց չթողեցինք: Մեր առաջին իսկ գոլը շոկ առաջացրեց սլովակների մոտ, իսկ երրորդից հետո նրանք հայտնվեցին խորը նոկդաունի մեջ, որից այդպես էլ ուշքի չեկան»,- գտնում է Հայաստանի հավաքականի դարպասապահը:

Բերեզովսկին նշեց, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է դուրս գալ Եվրոպայի առաջնություն երկրորդ տեղից, թեև հստակ պատկերացնում է, որքան բարդ են լինելու Իռլանդիայի ու Մակեդոնիայի հետ խաղերը:

Հայաստանի հավաքականը, 4:0 հաշվով հաղթելով Սլովակիային Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում, 14 միավորով 3-րդ տեղում է: Հոկտեմբերի 7-ին Երևանում հայ ֆուտբոլիստները կընդունեն Մակեդոնիային, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվեն Իռլանդիայում: