8 սեպտեմբերի 2011 - 12:46 AMT
Ալեք Ենիգոմշյան. Բանակը հասարակության հայելին է, իսկ հասարակությունը համակարգային փոփոխության կարիք ունի

Հայկական բանակում վերջերս տեղի ունեցած դեպքերի պատճառը հայ հասարակության մեջ առկա խնդիրներն են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը: «Այս տարիներին բազմիցս ասվել է, որ բանակը հասարակության հայելին է: Դա ճիշտ է, բայց դա չի արդարացնում այնտեղ տեղի ունեցող դեպքերը»,- ասել է նա:

Նրա կարծիքով բանակում տեղի ունեցող միջադեպերը բացատրվում են նրանով, որ վերին մակարդակներում կաշառակերությունը խրախուսում է նման վերաբերմունքը. «Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և բանակում, և հասարակությունում»:

Նա նաև հավելել է, որ բանակում, բարեբախտաբար կան առողջ սպայական ուժեր, և պետք է ամեն ինչ անել նրանց հեղինակությունը բարձրացնելու համար, որպեսզի նրանք կարողանան օգնել առկա խնդիրների լուծման հարցում:

Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):

Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին:

Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Արցախում՝ Ասկերանում, արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, Երևանում:

Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 5-ին Նորքի հոգեբուժարանում նկարահանել են, թե Հովհաննեսը ինչ վիճակում է գտնվում, ինչպես նաև Հովհաննեսի հարազատներին, ովքեր մանրամասն պատմում եմ իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը այդ միջադեպի մասին:

Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդը անընդհատ կրկնում բանակում տված երդումը, անկանոն շարժումներ անում, կրկնում բանակային վարժանքները, խոսում անտրամաբանական, չկապակցված նախադասություններով: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը այս վիճակում հայտնվել, նա ասում է. «Ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն… օֆիցեռները»: Սակայն նա չի հիշում անունները և ինչ-որ մականուններ է նշում: