8 սեպտեմբերի 2011 - 12:49 AMT
Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում պլանային դիտարկումն անցավ առանց միջադեպերի

Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ` Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: