9 սեպտեմբերի 2011 - 13:44 AMT
ԻՏՁՄ-ն հայտարարել է ՏՏ ոլորտի լրագրողների մրցույթ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամլո ծառայությունից տեղեկացնում են ընկերության հայտարարած լրագրողների մրցույթի մասին։

Մրցույթը կրում է «ԴիջիԹեք` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը:

Մրցույթի նպատակներն են խթանել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով լուսաբանող լրագրողների հմտությունները:

Ինչպես նշում է ընկերությունը, քանի որ ԴիջիԹեք ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է և արտացոլում է ոլորտի առաջընթացը, զարգացումները, միությունը որոշեց մրցույթը հայտարարել հենց ցուցահանդեսին նվիրված: Լրագրողների նյութերը պետք է հրապարակված կամ հեռարձակված լինեն 2011 թվականի սեպտեմբերի 9-ից մինչ հոկտեմբերի 20-ը ներառյալ։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է:

Մրցույթն ունի երեք անվանակարգ՝ լավագույն հոդված, լավագույն հարցազրույց, լավագույն ռեպորտաժ, որոնց հաղթողները որպես մրցանակ կստանան դրամական պարգևներ՝ 50.000 - 70.000 դրամ։