9 սեպտեմբերի 2011 - 13:59 AMT
Վիկ Դարչինյան. IBO-ն հուսով է, որ Հայաստանում առաջիկայում ևս մենամարտեր կանցկացվեն

«Ես միշտ ցանկացել եմ մենամարտ անցկացնել Հայաստանում և ուրախ եմ, որ ամեն ինչ լավ անցավ: Երկար տարիներ համաձայնություն չկար, սակայն, լավ է, որ ես կարողացա հասնել նպատակիս: Ես պայմանավորվեցի IBO ֆեդերացիայի հետ և իմ գոտին նվիրեցի մեր երկրի նախագահին: Եթե նախագահը ներկա չլիներ մենամարտին, այն կարող էր նաև չկայանալ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Ըստ բռնցքամարտիկի, մենամարտից հետո նրանք լավ գնահատական ստացան և միջազգային միջնորդները հույս հայտնեցին, որ Հայաստանում առաջիկայում ևս մենամարտեր կանցկացվեն:

Մբամբայի հետ մենամարտի մասին, որտեղ նա հաղթեց 119:107, 120:107 и 120:107 հաշվով, Դարչինյանն ասաց. «Մենամարտից առաջ ես ասում էի, որ ցանկանում եմ կռվել լավագույնի հետ և Մբամբան հարմար թեկնածու էր: Նա ուժեղ բռնցքամարտիկ է, մինչ այս մենամարտը նա ընդամենը մեկ պարտություն է կրել: Մենք երկուսս էլ լավ էինք պատրաստվել երևանյան հանդիպմանը, ես ցանկանում էի հաղթանակ տանել նոկաուտով, այդ ցանկությունը հսկայական էր, և ես չկարողացա իմ ոճը պարտադրել մրցակցին: Ես աշխարհի շատ չեմպիոնների եմ նոկաուտի ենթարկել առաջին իսկ ռաունդներում, սակայն, այս անգամ դա չստացվեց»:

Դարչինյանը հայտարարել է, որ դեռ վաղ է մտածել կարիերան ավարտելու մասին և հաջորդ մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին: Հավանական է նաև, որ նա կփոխի քաշային կարգը, այդ դեպքում նա շանս կունենա պայքարելու չեմպիոնի գոտու համար: