9 սեպտեմբերի 2011 - 14:56 AMT
Օմբուդսմենը պահանջում է, որ բանակում զինվորների սպանությունները արդարացի հետաքննվեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պահանջում է բանակում զինվորների սպանությունների արդար հետաքննում: Այսօր Երևանում ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի զեկույցի (CPT) և ՄԻՊ գործունեությունը որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ թեմայով քննարկումների ժամանակ Անդրեասյանը սկսել է իր ելույթը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել վերջերս հայկական բանակում սպանված Աղասի Աբրահամյանի ու Հայկ Մկրտչյանի հիշատակը: «Ես կցանկանայի ելույթս սկսել բանակում զոհված մի քանի զինվորների անունները նշելով, որոնց ծնողները մինչ օրս սպասում են, որ իրենց որդիների մահվան հանգամանքները արդարացիորեն հետաքննվեն՝ Գեղամ Սերգոյան, Անդրանիկ Հայրապետյան, Արտակ Նազարյան, Տիգրան Օհանջանյան, Անդրանիկ Սարգսյան: Ես ընթերցեցի միայն այն մարդկանց անունները, որոնց ծնողները դիմել են Հայաստանի օմբուդսմենին»,-ասել է նա՝ հավելելով, որ շատերը չեն դիմում վստահության պակասի պատճառով: Նա նշել է, որ չի կարող անտարբեր մնալ բանակում կատարվող դեպքերի հանդեպ, և գտնում է, որ բանակում զոհված բոլոր զինվորների գործերը պետք է բացահայտվեն ու մեղավորները պետք է պատժվեն, ինչպես դա տեղի ունեցավ Աբրահամյանի ու Մկրտչյանի դեպքում: Ըստ նրա, քանի դեռ արդարացի դատավճիռներ չեն կայացվել զինվորների սպանությունների կամ բռնության ենթարկվելու գործերով, «մենք չենք կարող խոսել Հայաստանի մասին, որպես մի երկրի, որտեղ չկան բռնություն կամ խոշտանգումներ»: «Ես վստահ եմ, որ արդար քննության ու դատավճռի դեպքում շատ խնդիրներ բանակում իրենց լուծումը կստանան»,-նշել է նա: Նա հավելել է, որ բանակում բոլոր խնդիրներն առաջանում են կարգապահության բացակայության պատճառով:

Oգոստոսի 26-ին` մոտ 20:30-ին, անգիտակից վիճակում ռազմական հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ. ծնվ.): Հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց Աղասի Աբրահամյանը մահացել է: Այդ գործով ձերբակալվել են երկու սպաներ և ժամկետային զինծառայող:

Հայ Մկրտչյանը սպանվել է շփման գծում մարտական հերթապահության ժամանակ իր զինակից Մենդրուշ Նազլուխանյանի կողմից զենքի հետ անզգուշաբար վարվելու պատճառով: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 372 հոդվածի 3 մասով: