9 սեպտեմբերի 2011 - 16:05 AMT
Հայաստանի ֆինանսների նախարարը վերլուծել է Fitch վարկանիշը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում Հայաստանի պետական պարտքը գնահատվում է որպես կառավարելի, բնորոշ նմանատիպ խմբի երկրների համար: Չնայած, որ այն աճել է վերջին երկու տարում, սակայն, գործակալությունը նրա հետագա կառավարման հետ կապված խնդիրներ չի տեսնում: Այդ մասին սեպտեմբերի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով գործակալության զեկույցը: Նա նշել է, որ Fitch-ն առաջին հերթին գնահատում է երկրի վճարունակությունը: Ըստ նրա, ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև վերլուծել է պետպարտքի կայունությունը, որի արդյունքները շուտով կհրապարակվեն պետկառույցի պաշտոնական կայքում:

Fitch Ratings գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակի վրա՝ կանխատեսումը «կայուն»:

Վաչե Գաբրիելյանը նշել է նաև, որ զեկույցում Հայաստանը համեմատվում է նույն կարգի (BB-) այլ երկրների հետ և այստեղ մեր երկրի գնահատականը պետքպարտքի կառավարման առումով համընկնում է Սերբիայի հետ, չնայած նրան, որ այդ երկիրը զարգացման ավելի բարձր մակարդակ ունի: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի վարկանիշը հարևան Ադրբեջանի ու Վրաստանի հետ նույն մակարդակի վրա է:

Վարկանիշի դրական պահերից է տնտեսական աճն ու ցածր գնաճը երկարաժամկետո առումով, ավելի թեթև հարկային բեռը այդ կարգի այլ երկրների համեմատ, առաջընթացը գործարար միջավայրի բարելավման գործում, բանկային համակարգի կապիտալիզացիայի բարձր մակարդակը:

Իսկ BB կարգի երկրների թվում Հայաստանի բնակչության եկամուտների մակարդակը միջինից ցածր են, ավելին, Հայաստանի շուկան փոքր է և մեծապես կախված արտաքին ցնցումներից, Ռուսաստանից, դրամական փոխանցումներից: Ինչպես նշել է Գաբրիելյանը, Հայաստանը արտահանման փոքր բազա ունի, ընդ որում ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը ավելի բարձր է, քան միջինն այդ խմբում, առկա է նաև կոռուպցիայի խնդիրը: