
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ընկերության Ղազախստանի, Միջին Ասիայի և Անդրկովկասի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչությունների ղեկավարներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները` «Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում:
ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը ընդգծել է՝ համակարգչային հագեցվածության ավելացումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում: Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին: «Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչները»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում «Ինթել» ընկերության մասնակցության հնարավորությունները: