Խաղողի մթերման համար սահմանվող գինը չի զիջելու 120 դրամը 1 կգ դիմաց

Խաղողի մթերման համար սահմանվող գինը չի զիջելու 120 դրամը 1 կգ դիմաց

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` մարզպետներ Աշոտ Ղահրամանյանի և Էդիկ Բարսեղյանի մասնակցությամբ, հանդիպել և քննարկում է անցկացրել Արմավիրի ու Արարատի մարզի խաղող մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Շեշտը դրվել է պայմանագրերի վրա, որոնք պետք է դառնան վերամշակող ձեռնարկությունների աշխատանքների կազմակերպման հիմքը: Ինչպես նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, խաղողի մթերման համար սահմանվող գինը պետք է լինի խելամիտ` չզիջելով 120 դրամը մեկ կիլոգրամի դիմաց` հավելելով, որ արտադրված խաղողն ամբողջ ծավալով կմթերվի։

«Այս տարվա մթերումից է կախված եկող տարվա արտադրության ծավալը, դժգոհություններ չպետք է լինեն»,- ասել է գյուղնախարարը` անդրադառնալով մայիսի 5-ին ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականներին:

Տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր սեփականատերերին բերքի մթերումը բարձր մակարդակով կազմակերպել, իսկ աշխատանքները պլանավորել՝ համաձայն գյուղացիական տնտեսությունների հետ կնքած պայմանագրերի, որն էլ իր հերթին երաշխիք է դառնալու գյուղացու արտադրած բերքի իրացման:

Պայմանագրում պետք է արտացոլվի մթերման ժամկետը, քանակը, գինը և վճարման կարգը: Պայմանագրով են աշխատելու մթերող բոլոր կազմակերպությունները: Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացին, Սերգո Կարապետյանը նշել է, որ այն ընթանում է հաջողությամբ: «Այս պահի դրությամբ ոչ մի խոչընդոտ չկա մթերումների առումով: Բոլոր մարզերում գործընթացն իրականանում է բարձր մակարդակով: Արտադրված ամբողջ բերքը մինչև տարվա վերջ կիրացվի մթերող կազմակերպությունների կողմից, ինչպես որ հայտարարել ենք»,- նշել է Սերգո Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ պետության ուշադրության կենտրոնում է ոչ միայն գյուղացու արտադրանքի իրացումն, այլ նաև վերամշակողինը, որպեսզի վերջինս արտահանման հետ կապված խնդիրներ չունենա: «Արտադրվող մթերքի որակի վրա պետք է շարունակենք մեծ ուշադրություն դարձնել, որպեսզի ապահովենք վերջինի մրցունակությունը», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարար Սերգո Կարապետյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---