9 սեպտեմբերի 2011 - 21:10 AMT
Բաքվում ուժ չեն խնայում, որպեսզի գոնե բանավոր կերպով ղարաբաղյան հիմնահարցը ՄԱԿ օրակարգ մտցնեն

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որտեղ նա, իբր, ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցը քննարկվելու է ՄԱԿ-ում: Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ները հղում են կատարել Ռոսիա 24 ռուսական հեռուստաալիքին: Սակայն, դատելով մամլո ասուլիսի սղագրությունից, Լավրովը նման հայտարարություն չի կատարել: Մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկրների երկկողմ հարաբերություններին, որից հետո` ՄԱԿ առաջիկա աշնանային նստաշրջանին` ընդգծելով պաղեստինյան հիմնահարցի կարևորությունը, որը ՄԱԿ ԳԱ օրակարգի հիմնական հարցերից մեկն է լինելու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակ հիշատակումը եղել է Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական միջնորդության հաջողությունները Ֆինլանդիայի ԱԳ նախարարին ներկայացնելու մասին: «Այսօր մենք մեր գործընկերների հետ կիսվեցինք ղարաբաղյան և մերձդնեստրյան կարգավորումներում փոխզիջումների որոնումներին Ռուսաստանի մասնակցության մասին տեղեկատվությամբ: Պատմել ենք նաև Հարավային Կովկասում իրադրության ռուսական գնահատականների մասին: Մեր երկրներին հուզում է այն, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Մոտենում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որում պաղեստինյան հիմնախնդրին առանցքային տեղերից մեկն է հատկացված»,- ասել է Լավրովը: