9 սեպտեմբերի 2011 - 22:12 AMT
ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ հարվածի տակ ընկան բոլորը` և' իշխանությունները, և' օլիգարխները, և' WikiLeaks-ը, և' անգամ ԵԽԽՎ-ն

Սեպտեմբերի 9-ին Երևանում կայացավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը` կրկին բավական սակավաթիվ. հանրահավաքի մեկնարկին Ազատության հրապարակում մոտ 2 հազար մարդ էր հավաքվել: Հայաստանի Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ միջոցառմանը 5-5,5 հազար մարդ է մասնակցել:

Բացելով հանրահավաքը` ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել սահմանադրական հեղափոխությանը: «Հայաստանում հաստատվել է հեղափոխական իրավիճակ»,- ընդգծել է Փաշինյանը` հայտնելով, որ եթե հաջորդ հանրահավաքին Ազատության հրապարակ դուրս գա 500 000 մարդ, ապա 24 ժամում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստիպած կլինի թողնել իշխանությունը:

ՀԱԿ-ը վստահ է, որ Հայաստանի իշխանություններն ընդունակ չեն առանց բռնության ապրել

Ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանի կառավարությունը միայն 74 օր կարողացավ ապրել առանց քաղբանտարկյալների։ Ըստ նրա` կառավարությունը կրկին բռնության է դիմել` նկատի ունենալով շարժման 7 ակտիվիստների ձերբակալությունը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հերթին նկատել է, որ եթե իշխանությունները շուտով ազատ չարձակեն Տիգրան Առաքելյանին, դա կվկայի այն մասին, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության և ՀԱԿ-ի ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպը: Նա ավելացրել է, որ եթե Առաքելյանը ազատ չարձակվի, «մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով` զանգվածների միջոցով իշխանություններին պարտադրելով արտահերթ ընտրություններ անցկացնել»:

ՀԱԿ-ը կտրականապես համաձայն չէ ԵԽԽՎ հետ

Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նախօրեին ԵԽԽՎ ընդունած որոշմանը 2008թ. մարտյան դեպքերի մասին գործի փակման վերաբերյալ: Հայ ազգային կոնգրեսը կտրուկ քննադատել է 2008թ. մարտյան դեպքերի վերաբերյալ ԵԽԽՎ հայտարարությունը և հայտնել, որ թույլ չի տա փակել մարտի 1-ի գործը: «Որոշ մարդիկ եվրոպական կառույցներում նման ձևակերպումներ են ուզում անցկացնել: Մենք նման ձևակերպում թույլ չենք տա, քանի որ դրանք չեն տեղավորվում հայ հասարակության գիտակցության մեջ»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի նախկին ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին ցուցարարներին կոչ է արել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ազատության հրապարակ վերադարձնել 2008-ի մթնոլորտը: Ընդ որում, Ջհանգիրյանը հաղորդել է, որ ՀԱԿ-ը վկայություններ ունի, որ մարտի 1-2-ի դեպքերին բացի Հայաստանի զինված ուժերից և Ոստիկանությունից, մասնակցել են նաև ԼՂՀ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ:

Զոհվածների ծնողները ՀԱԿ-ի կողքին են

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարության համաձայն, բանակում զոհված զինվորների ծնողները դիմել են իրենց և հայտարարել են, որ ՀԱԿ-ի հետ են: Մանուկյանի խոսքով, ծնողներն ընդգծել են, որ իրենց խնդիրների լուծումը տեսնում են Հայաստանում իշխանափոխության մեջ։

Եվ մի փոքր էլ ընտրությունների մասին

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձել է WikiLeaks ինտերնետ պորտալի` 2008թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին հրապարակած տեղեկատվության հարցին:

ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերի համաձայն, անգամ Սերժ Սարգսյանի համար ամենաբարենպաստ հաշվարկի դեպքում նա չէր հաղթի 2008թ. Հայաստանի նախագահական ընտրություններում: Զուրաբյանն ավելացրել է, որ նույն WikiLeaks-ը հրապարակել էր Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հայտարարությունը, որի համաձայն կայացած ընտրությունների օրինականության մասին դատարանի վճիռն ընդունվել է նախագահական վարչակազմի ուժեղ ճնշման ներքո:

Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգված է խորհրդարանում ձեռնարկատեր պատգամավորների առկայությամբ

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` խախտելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը: Նա նկատել է նաև, որ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ «Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը»,- ընդգծել է ՀԱԿ-ի առաջնորդը` հավելելով, որ Ազգային Ժողովին համահավասար կամ նրանից ավելի այս խախտումը պետք է հուզեր հանրապետության նախագահին, մինչդեռ «2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի»:

Ընդդիմությունը չկարողացավ հաջորդ հանրահավաքը նշանակել սեպտեմբերի 21-ին

ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, քանի որ, ինչպես նշել է Կոնգրեսի առաջնորդը, սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ քաղաքում մի շարք միջոցառումներ են ծրագրված:

Սեպտեմբերի 23-ն ընտրելու համար Տեր-Պետրոսյանը որպես արդարացում նշել է, որ թեև Հայաստանի անկախության մասին հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 21-ին, դրա արդյունքների մասին հայտարարվել է ամսի 23-ին: