10 սեպտեմբերի 2011 - 17:07 AMT
«Մեծ ութնյակը» Թունիսին, Եգիպտոսին, Մարոկկոյին և Հորդանանին $38 միլիարդ կհատկացնի

«Մեծ ութնյակի» երկրների ֆինանսների նախարարները մտադիր են 38 միլիարդ դոլար հատկացնել «Դովիլյան գործընկերության» անդամ երկրներում` Թունիսում, Եգիպտոսում, Մարոկկոյում և Հորդանանում ծրագրվող բարեփոխումներին, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը` հղում կատարելով G8-ից աղբյուրին:

Ռեյտերի տվյալներով, G8-ը պատրաստվում է 2011-2013 թվականներին ֆինանսավորել «արաբական գարնան» իրադարձություններին հաջորդող բարեփոխումները: Հայտարարված 38 միլիարդ դոլարին պետք է ավելանա Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներդրումը, որի չափը չի ճշտվում:

Ինչպես նշում է գործակալությունը, միջոցները հատկացվելու են «ութնյակից» և արաբական երկրներից, Համաշխարհային բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և այլ տարածաշրջանային ֆինանսական հաստատություններից պարտքի տեսքով: Խորհրդաժողովին որպես դիտորդ մասնակցում են Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Քուվեյթը, Քաթարն ու Թուրքիան: Մասնակցում են մի քանի տարածաշրջանային ֆինանսական հաստատություններ, այդ թվում` Զարգացման աֆրիկյան բանկը (ԶԱԲ), Զարգացման իսլամական բանկը (ԶԻԲ), Տնտեսական և սոցիալական զարգացման արաբական հիմնադրամը (ՏՍԶԱՀ) և Արժույթի արաբական հիմնադրամը:

«Դովիլյան գործընկերություն» ծրագիրը գործարկվել է մայիսի 26-27-ին Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովում` ի օժանդակություն «արաբական գարունը» վերապրած երկրներում սոցիալ-տնտեսական բարեփոխումներին: Գործընկերության առաջին մասնակիցները պետք է դառնան Եգիպտոսն ու Թունիսը: Երկու երկրների ներկայացուցիչներն էլ ներկա էին գագաթաժողովին և ներկայացնելով բարեփոխումների ծրագրերը` ստացան G8 խոստումը` միջազգային ֆինանսական ինստիտուտների գծով ավելի քան 20 միլիարդ դոլարի հատկացման վերաբերյալ:

«Դովիլյան գործընկերությանը» մասնակցելու պայմաններն են ժողովրդավարությանն անցումը սատարող և պետական կառավարման և կայուն ու ընդգրկուն աճի համար տնտեսական ոլորտում բարեփոխումները խրախուսող քաղաքական գործընթացի առկայությունը: Յուրաքանչյուր գործընկեր երկրի համար նախատեսվում է առանձին ծրագիր մշակել` հաշվի առնելով նրա պահանջները:

Արաբական աշխարհի երկրներում հուզումները (գործածվում են նաև Արաբական գարուն, Համարաբական հեղափոխություն և Արաբական մեծ հեղափոխություն տերմինները) 2010-2011թթ. Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի գտած զանգվածային ժողովրդական շարժումներն էին:

Սկսվելով Թունիսում` զանգվածային հուզումներն ու բողոքները հետագայում տարածվեցին Եգիպտոսում, Ալժիրում, Հորդանանում, Եմենում, Սիրիայում, Բախրեյնում և Լիբիայում, պակաս նշանակալից բողոքներ տեղի ունեցան Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Սուդանում, Իրաքում, Քուվեյթում, Լիբանանում, Սոմալիում, Մարոկկոյում, Արևմտյան Սահարայում և Ջիբութիում: