WikiLeaks. Ստամբուլի հայ համայնքը 2007-ին դեմ էր ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

WikiLeaks. Ստամբուլի հայ համայնքը 2007-ին դեմ էր ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության` WikiLeaks-ի հրապարակած գաղտնի հեռագրերի թվում է նաև այն ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի հեռագիրը ՀԱԵ Կոստանդնուպոլսյան թեմի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ իր հանդիպման մասին:

2007-ով թվագրվող հեռագրի համաձայն, Մեսրոպը Բրայզային հաղորդել է, որ հայ համայնքը չի սատարում ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի կյանքի վրա. «Բանաձևի ընդունման դեպքում համայնքը մեծ վտանգի մեջ կհայտնվի` հատկապես հաշվի առնելով Հրանտ Դինքի սպանությունը»:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Վերջինս բերման է ենթարկվել սպանությունից 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Սամասթին 23 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Լսումների ընթացքում Սամասթը հայտնել է, որ թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---