13 սեպտեմբերի 2011 - 09:23 AMT
Սեպտեմբերի 14-ին կայանալու է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի երկրորդ համերգը

Սեպտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի երկրորդ համերգը: Այս անգամ լինելու է կամերային երաժշտության համերգ: Համերգին մասնակցելու են փառատոնային առաջին օտարերկրյա հյուրերը` հանրաճանաչ դաշնակահար Էշլի Վոսը և ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև երիտասարդ, բազմաթիվ նվաճումներով հայտնի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը:

Ծրագրում հնչելու են Ռախմանինովի «Դաշնամուրի տրիո №1-ը», Լիստի «Վիլհելմ Տելի ժամատունը», «Վալենշտատի լիճը», «Փոթորիկ», «Օբերմանի հովիտը», «Ժնևի ղողանջները» դաշնամուրային երկերը և Ֆրանկի Թավջութակի սոնատը:

Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ:

Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: