13 սեպտեմբերի 2011 - 15:36 AMT
Ադրբեջանահայ փախստականները ցանկանում են իմանալ՝ ուր են կորել իրենց շենքի համար հատկացված $ 760 հազ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է ադրբեջանահայ փախստականների քաղաքական և քաղաքացիական իրավունքների ու շահերի պաշտպանությամբ։

Կազմակերպությունը բաց նամակ է հղել վարչապետին, որում ներկայացնում է Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում գտնվող նախկին գաղութի բանտախցերում ապաստանած փախստականների բնակարանային խնդիրը։

«Այս խնդրին լուծում տալու համար Ճապոնիայի կառավարությունը հատկացրել էր ավելի քան 760 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարով որոշվեց երկու բնակելի մասնաշենք կառուցել Քասախում։ 2010 թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ առաջին մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ հատկացված գուրմարն ամբողջությամբ սպառվել է և երկրորդ մասնաշենքը չի կառուցվելու, ինչը Քասախի փախստականների մոտ խուճապ առաջացրեց, քանի որ դեռևս շատ ընտանիքներ սպասում էին բնակարանների»,- նշում են նամակի հեղինակները:

Ամիսներ անց նորակառույցը սկսեց ճաքեր տալ և հայատարարվեց, որ այն քանդելու են։ Հետո որոշվեց, որ պետք է վերակառուցեն, ամրացնեն հիմքերը:

«Փախստականները մինչ օրս բանտախցերում են ծվարած, իսկ կատարվածի համար ոչ մեկը որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Մեր գործունեության ընթացքում համոզվել ենք, որ թե՛ ՀՀ պատկան մարմինների, թե՛ համապատասխան միջազգային կառույցների մոտ ադրբեջանահայ փախստականների նկատմամբ ձևավորվել է բացառիկ սռապողական վերաբերմունք, որին օր առաջ հարկավոր է վերջը տալ»,- հայտարարում է «Փախստականները և միջազգային իրավունքը»-ը։

Կազմակերպությունը հորդորում է վարչապետին ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության ուժերով պարզել գործի հետ կապված բոլոր մանրամասները և, կոռուպցիոն հիմքերի առկայության պարագայում, միջնորդել, որ ՀՀ դատախազությունը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր` մեղավորներին բացահայտելու և պատժելու համար։

Նամակի հեղինակները նաև պարզել են, որ Ճապոնիայի կառավարությունից ստացված նշված գումարը տնօրինել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը։ Կազմակերպության ունեցած տվյալներով Քասախի բնակարանաշինական նախագծի պատասխանատուն եղել է վերոհիշյալ գրասենյակի աշխատակից տիկին Ռոզա Մինասյանը։ Այս գրասենյակի որոշմամբ է ընտրվել շինարարության կապալառուն,

Բացի այդ, ստեղծվել էր եռակողմ հանձնաժողով, որում ընդգրկվել էին արդեն հիշատակված տիկին Ռ.Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ.Եգանյանը և Քասախի գյուղապետ Ա.Մկրտչյանը։ Ենթադրվում է, որ հանձնաժողովը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը և որակը, ապա նորակառույցը հանձնվեր գյուղապետարանի հաշվեկշռին:

Ներկայումս ավարտին է մոտեցել երկրորդ մասնաշենքի շինարարությունը (ֆինանսավորման աղբյուրը կազմակերպությանը հայտնի չէ) և որոշում է կայացվել այն շահագործման հանձնել վերականգնված առաջին մասնաշենքի հետ միաժամանակ։ «Բնակարանների բաշխման չափորոշիչները պարզ չեն ոչ մեկի համար և արդեն ընթացքը ցույց է տալիս, որ իրականացվում են կամայական գործողություններ /մասնավորապես` Ավանեսյանների բազմանդամ ընտանիքի նկատմամբ/»,- նշվում է նամակում:

Այժմ հանձնաժողովում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակին փոխարինել է «Save the children» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը։

«Փախստականները և միջազգային իրավունքը» հորդորում է Տիգրան Սարգսյանին անհրաժեշտ ջանքերը գործադրել, որպեսզի այսուհետ փախստականների կարիքները հոգալուն ուղղված ֆինանսական միջոցների և դրանց նպատակայնության վերաբերյալ պարտադիր տեղեկատվություն տրամադրվի հանրությանը, իսկ կոնկրետ նախագծերի իրականացման գործում նաև անմիջական մասնակցություն ունենան փախստականների ներկայացուցիչները։