13 սեպտեմբերի 2011 - 18:38 AMT
Էրդողանը Իսրայելին արգելք է համարում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ճանապարհին

Իսրայելը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այդ մասին արաբական երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանն իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Arabic հեռուստաալիքը: «Պաղեստինյան պետության ճանաչումը պարտադիր է»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվում է իրադրությունը Սիրիայում և ՄԱԿ-ում Պաղեստինյան պետության ճանաչման հարցը:

Երեկ Թուրքիայի վարչապետը Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներով շրջագայության շրջանակում մեկնարկել է իր երկօրյա այցը Եգիպտոս:

Կահիրեում Էրդողանը բանակցություններ կվարի Զինված ուժերի խորհրդի ղեկավար Մուհամմեդ Տանտավիի և վարչապետ Իսամ Շարիֆի հետ: Ծրագրվում է նաև նրա հանդիպումը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի և Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերություներում հերթական լարվածությունն է առաջացել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ «Ազատության տորմիղի» վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի վերաբերյալ: Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ Անկարան կնվազեցնի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ մինչև 2-րդ աստիճան և կդադարեցնի այդ երկրի հետ բոլոր ռազմական համաձայնագրերի իրականացումը: