Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված դպրոցներին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն այսօր այցելեցին «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով հիմնանորոգված դպրոցներ:

Նրանք շրջեցին կրթական հաստատություններում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի և Լոռու մարզերում: Դպրոցներն ապահովվել են նաև անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության, օդափոխության համակարգերով, ունեն կահավորված մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան, բուժկետ:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների առնչությամբ` հյուրերը վստահություն հայտնեցին, որ ստեղծված պայմանները կնպաստեն մարզերում ուսման որակի բարձրացմանը:

Դպրոցներում կազմակերպվել էր նաև ջերմ ընդունելություն` ի պատիվ հյուրերի: Մանկավարժներն ու սաները երախտագիտություն հայտնեցին «Լինսի» հիմնադրամի ղեկավարությանը` ծրագրի իրագործման համար:

ՀՀ կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև կնքված Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Դպրոցաշինության» ծրագրում ընդգրկված էին Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արևշատ գյուղերի, Լոռիի մարզում` Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: «Լինսի» հիմնադրամը հուշագրով ստանձնած պարտավորություններն այս տարվա փետրվարին փոխանցել էր Միացյալ հայկական հիմնադրամին, վերջինս էլ ավարտին հասցրեց ծրագիրը: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին 2010թ. հունիսին, բոլոր վեց հաստատություններում էլ դրանք ավարտվեցին մինչև սեպտեմբերի 1-ը, և սաները հնարավորություն ունեցան նոր ուսումնական տարին սկսել նոր պայմաններում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է, այն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---