ՀՊԹ-ում բացվեցին «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունները

ՀՊԹ-ում բացվեցին «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել են «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրությունները:

«Խորհրդային Հայաստան» ցուցադրությամբ առաջին անգամ այցելուին են ներկայացվում 1920թ. Հայաստանի խորհրդայնացման և հետագա գրեթե 70 տարիների պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր: Առանձին բաժնով ցուցադրվում է հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին, ներկայացված են հայազգի մարշալների, գեներալների, սպաների և զինվորների անձնական իրերն ու փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու պարգևները: Ցուցադրության բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսի իրականացման համար նյութեր են տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` Վազգեն Առաջին կաթողիկոսների բնագիր կոչնակները, Հայաստանի ազգային արխիվը` եզակի փաստաթղթերի պատճեներ, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմը` ՀՀ բարձրագույն պետական պարգևների նմուշներ է նվիրաբերել թանգարանին:

Գրիգորյանը մեծ ուշադրություն է դարձրել խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիների լուսանկարներին, քանի որ, ըստ Գրիգորյանի, նրանցից ոչ մեկի մոտ չկա հանգիստ հայացք, որովհետև նրանք բոլորը սպասումների մեջ են:

«Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունն ամփոփում է Հայաստանի անկախության և ինքնիշխան պետության կայացման ճանապարհը` 1988-ից սկսած:

Այսօր պատմության թանգարանում բացվել է նաև երկու ժամանակավոր ցուցահանդես` «Հայաստանի Հանրապետության նամականիշները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները», որոնք կազմակերպել են Հայաստանի Կենտրոնական բանկն ու «Հայփոստը»:

Վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991 – 2011 թվականներին թողարկված հուշադրամների և նամականիշների նմուշներ:

ՀՀ անկախության 20-ամյակի առիթով թողարկվել է երկու նամականիշ, որոնցից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը և եռագույնը, իսկ մյուսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանը և պետական դրոշը: Յուրաքանչյուր նամականիշ տպագրվել է 40 000 օրինակով` 330 և 380 դրամ անվանական արժեքներով: Շրջանառության մեջ են դրվելու 2011թ.-ի սեպտեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---