13 սեպտեմբերի 2011 - 21:57 AMT
Սերժ Սարգսյան. Մեր կարևորագույն ձեռքբերումը անկախության սերունդն է

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր` սեպտեմբերի 13-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության` քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների, Հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին շնորհավորել է տոնի կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Իր շնորհավորական խոսքում, երկրի ղեկավարը նշել է, որ հայ ժողովրդի դարերի երազանքը` սեփական անկախ պետության գոյությունն իրողություն է, որն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի: «Իսկապես, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք հայոց պատմության նոր էջ ենք բացել, որտեղ այսօր բոլորս միասին ենք գրառումներ ավելացնում: Գրառում ենք` ծառայելով, ուսուցանելով, ստեղծագործելով, որոշումներ կայացնելով, ընդդիմախոսելով ու սխալները մատնացույց անելով, լուսաբանելով, բերք ու բարիք աճեցնելով կամ բժշկելով»,- նշել է Սարգսյանը:

Խոսելով հաղթանակների և հաջողությունների մասին՝ նախագահը նաև ընդգծել է հաճախ երկրում դեռ կան աղքատության, ոտնահարված իրավունքների կամ սոցիալական դժվարությունների մասին, որոնք «դեռ իրենց հերքման նախադասությունների ավարտին են սպասում»:

«Թերություններն ու դժվարությունները կարող են թևաթափ անել ցանկացած` անգամ ամենակուռ հասարակությանը, եթե չկա դրանք վերացնելու ու հաղթահարելու կարողության ու կամքի հանդեպ վստահություն: Եթե հասարակության մեջ բացակայում է փոխադարձ վստահությունը, ապա մարդիկ ոչ թե մեջք մեջքի տված դիմակայում են մարտահրավերներին, այլ հաճախ կասկածանքով, երբեմն էլ ատելությամբ շրջվում են՝ մարտահրավերները թողնելով հենց թիկունքին: Ավելի քան ակնհայտ է. ջանք չպետք է խնայել մեր հասարակության բոլոր անդամների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու համար: Սա հավասարապես վերաբերում է բոլորիս»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ յուրաքանչյուր մրցություն, քաղաքական մրցակցություն չի կարող երկիրը մղել դեպի լավագույն ուղի, եթե մրցողները նպատակները ստորադասում են միջոցներին, եթե մրցողները ընտրություն չեն դնում միջոցների միջև, եթե մրցում են հանուն մրցության, եթե հաղթում են միայն հաղթելու համար:

«Այսուհետ ևս իրավունք չունենք շեղվելու այդ ուղուց: Պիտի մրցենք, սակայն ձեռք ձեռքի տված: Պիտի պայքարենք քաղաքական հարթակում, սակայն հարթակից երբեք չգլորվելով ու ցած չգլորելով հարթակն ու ժողովրդին»,- նշել է նախագահը, հալելով, որ Հայաստանում վստահության ձևավորման, սոցիալական մեծ կապիտալով օժտված քաղաքացիական հասարակության կայացման գործում կարևոր և լուրջ ներդրում ունի նաև Հանրային խորհուրդը, որը դարձավ բաց ու ազատ քննարկումների նոր հնարավորություն մեր հասարակության կյանքում:

«Քսանամյակը նաև անկախության սերնդի հրապարակ գալն է խորհրդանշում: Այսօր արդեն երկրի հասարակական-քաղաքական լայն դաշտ է մտնում այն սերունդը, որը ծնվել է անկախ հայրենիքում ու հասունացել է մեր պետության կայացմանը զուգահեռ: Սերունդ, որը երբեք այլ պետության քաղաքացի չի եղել:

Մենք միշտ արձանագրել ենք մեր հաջողություններն ու բացթողումները, բայց հաճախ չենք նշել տարիների հետ աննկատ ամրացող մեր կարևորագույն ձեռքբերումը` անկախության սերունդը, որը պարտավոր է և լինելու է մտավոր կապանքներից զերծ, լինելու է ավելի ազատ ու առաջադեմ, ավելի ունակ ու նպատակասլաց: Մենք, նրանց ծնողները, ավագ սերունդը, ում ուսերին ծանրացավ պետականաշինության ու բանակաշինության հոգսը, ում բաժին ընկավ կրելու փոխակերպումների ծանրությունը, առավել քան հպարտ ենք տեսնելու ու ողջունելու նոր սերնդի արշալույսը: Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևորագույն հաստատությունները` զանգվածային լրատվության միջոցները և հասարակական կազմակերպությունները, քաղաքական միավորումները, այն գրավիչ ոլորտներում են, որտեղ նոր սերունդն իր առաջին քայլերն է անում»,- ամփոփել է իր խոսքը Սերժ Սարգսյանը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: