ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում և Թուրքիայում դեսպանների թեկնածությունները

ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում և Թուրքիայում դեսպանների թեկնածությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հաստատել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնին Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA):

Միաձայն հաստատվել է նաև Հայաստանում դեսպանի պաշտոնին Ջոն Հեֆերնի թեկնածությունը:

Ռիկարդոնեի թեկնածության դեմ քվեարկել են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը:

ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մենենդեսին նրա սկզբունքային դիրքորոշման համար, երբ վերջինս Սենատի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հարցի առնչությամբ Ռիկարդոնեի անընդունելի պատասխանների վրա: «Սենատոր Մենենդեսը սենատորներ Բոքսերի և Ռիշի հետ միասին հայտարարել է, որ ամերիկյան ժողովուրդն արժանի է մի ներկայացուցչի, որը պայքարելու է ամերիկյան արժեքների և շահերի համար, այլ ոչ թե ենթարկվելու Թուրքիայի քարոզչական մեքենային»,- ասել է Համբարյանը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) կոչ է արել հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին կապվել իրենց ծանոթ օրենսդիրների հետ, որպեսզի նրանք քվեարկեն Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության դեմ: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր նախատեսում է քվեարկության դնել Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Պատասխանելով սենատոր Մենենդեսի գրավոր հարցմանն այն մասին, թե քանի քրիստոնեական եկեղեցի է գործել ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչ 1915թ., դեսպան Ռիկարդոնեն պատասխանել է, թե դրանց մեծ մասը գործում է մինչ օրս: Ըստ պատմական աղբյուրների, մինչ 1915թ. Թուրքիայի տարածքում գործող շուրջ 2000 եկեղեցիներից այսօր գործում է միայն 50-ը:

«Ֆրենսիս Ռիկարդոնեից պահանջվել է մեկ շաբաթ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների մասին թյուր տեղեկատվությունն ուղղելու համար։ Սակայն ուղղված տեքստում չկան կոշտ և դիպուկ հայտարարություններ քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականության մասին»,- նշել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Հուլիսի 13-ի լսումներում, անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ղարաբաղյան կարգավորմանը, Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:

Մենենդեսն իր հերթին հիշեցրել է Հեֆերնին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմաթիվ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ն այդ իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, սակայն քաղաքական կամք չունի «ցեղասպանություն» անվանելու համար: «Ես գտնում եմ, որ շատ բարդ է դիվանագետին գործուղել մի երկիր, որտեղ նա պետք է այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ չարտասանելով «ցեղասպանություն» բառը»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով, որ Ջոն Հեֆերնը, ինչպես իր նախորդները, անպայման կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---