14 սեպտեմբերի 2011 - 11:10 AMT
ԱՄՆ կոնգրեսականը շնորհավորել է Արցախի նախագահին անկախության 20-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենք Փալոունը շնորհավորական նամակ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, գրում է Asbarez-ը:

«Ես շնորհավորում եմ ձեր ժողովրդին Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այդ օրը շատ խորհրդանշական է ազատության համար ձեր պայքարում: Դուք հաջողությամբ պաշտպանեցիք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ քաղաքացիներ զոհեցին իրենց կյանքը ազատության համար պայքարում: Ձեր գործողությունների իրավացիության մեջ աննկուն վստահությունը ձեզ հնարավորություն տվեց վերականգնել տնտեսությունը` լավ հիմք ստեղծելով երկրի հետագա զարգացման համար»,- ասել է Փալոունն իր նամակում:

Կոնգրեսականը նաև նշել է, որ 20 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր գոյության իրավունքը, հավատարմությունը համաշխարհային արժեքներին, ինչպիսիք են ազատությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը:

«Ես բարձր եմ գնահատում ձեր կառուցողական մոտեցումը խաղաղություն հաստատելու գործընթացում: Հպարտ եմ կանգնել ձեր կողքին ձեր երկրի անկախության միջազգային ճանաչման ձեռբերման ընթացքում: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը կծածանվի` նշանավորելով ձեր ժողովրդավարական երազանքի իրագործումը»,- ասվում է ուղերձում: