14 սեպտեմբերի 2011 - 14:20 AMT
Գագիկ Եգանյանը պնդում է, որ կապ չի ունեցել փախստականների համար շենքի կառուցման հետ

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը PanARMENIAN.Net-ին ուղղված իր նամակում անդրադառնում է վարչապետին հասցեգրված «Փախստականները և միջազգային իրավունքը» կազմակերպության բաց նամակին, որում ներկայացվում է ադրբեջանահայերի համար կառուցված շենքի համար հատկացված 760 հազար ԱՄՆ դոլարի անհետցաման խնդիրը: Նամակում շոշափվում էր նաև պարոն Եգանյանի անունը:

«Միանգամայն կիսելով բաց նամակում արտահայտված մտահոգությունը` կապված Քասախ գյուղում փախստականների համար կառուցված սոլիալական շենքի անորակ շինարարության հետ միևնույն ժամանակ հարկ եմ համարում հայտնել հետևյալը. միգրացիոն պետական ծառայությունը ոչ միայն այս, այլ նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցներով իրականացրած շինարարական մյուս ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չի ունեցել և չունի: Շինարարության ողջ գործընթացը, սկսած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, կապալառու կազմակերպության ընտրման նպատակով մրցույթ հայտարարելը, հաղթողին որոշելը ու նրա հետ պայմանագիր կնքելը, աշխատանքների ֆինանսավորումը և ընթացքի նկատմամբ վերահսկելը բացառապես իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից` իր գործընկեր կազմակերպության միջոցով: Այնպես որ բաց նամակում հիշատակված 3 անձերից բաղկացած հանձնաժողով, որում իբր եղել է նաև իմ մասնակցությունը և որը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը, պարզապես գոյություն չի ունեցել: Ուզում եմ հավատալ, որ նամակի հեղինակների կողմից իրականության հետ կապ չունեցող գործառույթներ ինձ վերագրելը անտեղյակության հետևանք է»,- նշում է իր նամակում Գագիկ Եգանյանը:

«Փախստականները և միջազգային իրավունքը» բաց նամակ է հղել վարչապետին, որում ներկայացնում է Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում գտնվող նախկին գաղութի բանտախցերում ապաստանած փախստականների բնակարանային խնդիրը։ Ներկայացնելով հատկացված 760 հազար ԱՄՆ դոլարի կորստի պատմությունը, նամակի հեղինակները նաև պարզել են, որ Ճապոնիայի կառավարությունից ստացված նշված գումարը տնօրինել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը։ Կազմակերպության ունեցած տվյալներով Քասախի բնակարանաշինական նախագծի պատասխանատուն եղել է վերոհիշյալ գրասենյակի աշխատակից տիկին Ռոզա Մինասյանը։ Այս գրասենյակի որոշմամբ է ընտրվել շինարարության կապալառուն: «Բացի այդ, ստեղծվել էր եռակողմ հանձնաժողով, որում ընդգրկվել էին արդեն հիշատակված տիկին Ռ.Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ.Եգանյանը և Քասախի գյուղապետ Ա.Մկրտչյանը։ Ենթադրվում է, որ հանձնաժողովը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը և որակը, ապա նորակառույցը հանձնվեր գյուղապետարանի հաշվեկշռին»,- նշված էր նամակում: