14 սեպտեմբերի 2011 - 16:21 AMT
ԱՊՀ և Բալթիայի երկրների երկաթուղիների երիտասարդ մասնագետները Մոսկվայում քննարկեցին նորարարական նախագծեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհուրդը մասնակցեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի երիտասարդների V-րդ հավաքին, որը կայացել էր սեպտեմբերի 10-12-ին Մոսկվայում: Հանդիպմանը մասնակցեցին 800 երկաթուղայիններ Եվրոպայի և Ասիայի 13 երկրներից: Հայաստանը ներկայացնում էր ՀԿԵ-ի Երիտասարդների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:

Երիտասարդների 5-րդ հավաքն առանձնացավ միջազգային բաժնի աշխատանքով, որին մասնակցեցին ԱՊՀ, Բալթիայի և Երկաթուղիների միջազգային միության երկրների ներկայացուցիչները: Հավաքի շրջանակներում կայացավ նաև գործարար հանդիպում, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրեց ՀԿԵ-ի առաքելությունը, ներդրումային, սոցիալական և երիտասարդական քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքը և ՀԿԵ-ի ռեբրենդինգի գործընթացը:

«ՌԵ»-ի դրական փորձը ոգևորեց նաև այլ երկաթուղային ընկերություններին և մեր ընկերությունը բացառություն չէր: Ուսումնասիրելով մեր ռուսաստանյան գործընկերների փորձը, մենք սկսեցինք ակտիվ աշխատել մեր սոցիալական քաղաքականության երիտասարդական բաղադրիչի վրա և ցանկանում ենք կիսվել մեր փորձով: Միջազգային բաժնի աշխատանքը ստեղծում է շփման և նոր կապերի հաստատման համար արդյունավետ հարթակ: Այս հավաքի ժամանակ մենք արդեն համագործակցության մասին համաձայնություններ ձեռք բերեցինք օտարերկրյա երկաթուղային վարչությունների և ընկերությունների հետ», - ասաց Վահե Դավթյանը:

Հավաքի շրջանակներում կայացել էր նաև «Նոր օղակ 2011» երիտասարդական նորարարական նախագծերի ցուցահանդեսը, որին ներկայացված էին 100 նման ծրագրեր: Քվեարկության արդյունքում ընտրված լավագույն նախագծերը ստացան «ՌԵ»-ի ֆինանսավորումը: Հավաքի ժամանակ մասնակիցները հանդիպեցին «ՌԵ» ԲԲԸ-ի ավելի քան 10 թոփ-մենեջերների, այդ թվում նաև ընկերության նախագահ Վրադիմիր Յակունինի հետ:

«Աշխարհի զարգացման ճանապարհը փոխվում է և մենք պիտի պատրաստ լինենք այդ փոփոխություններին: Երիտասարդներին անհրաժեշտ է ազատվել ավագ սերնդի նախապաշարումներից և գտնել առանց սահմանափակումների բարեկամության հնարավորությունները: Մենք բոլորս մեր ժամանակի արդյունքն ենք և դուք նույնպես նախապաշարումների կրիչն եք: Սակայն դուք պիտի ազատվեք նրանցից և ձեր երեխաներին փոխանցեք այդ նախապաշարումներից ազատ գիտելիքներ: Մենք ունենք այն, ինչ միավորում է մեզ ՝ դա մեր մասնագիտությունն է: Սակայն առկա են նաև մեզ բաժանող երկաթուղային ստանդարտները: Բայց դա այն խոչընդոտը չէ, որը խարող է ազդել գնացքների երթևեկության կամ մարդկանց շփման վրա», - ասաց ընկերության նախագահը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: