14 սեպտեմբերի 2011 - 16:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր բացվում է ՌեԱնիմանիա երևանյան 3-րդ անիմացիոն կինոփառատոնը

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է ՌեԱնիմանիա երևանյան 3-րդ անիմացիոն կինոփառատոնը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, բացման ֆիլմերը լինելու են անկախ Հայաստանի 20 տարվա ընթացքում ստեղծված լավագույն 5 անիմացիաները: 6-րդ ֆիլմի մասին Քասունին չխոսեց, թողնելով այն անակնկալ:

Մաքս Հաուարդը, ով եղել է Ուորներ Բրադերս լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստուդիայի նախկին նախագահը և Դիսնեյ լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստուդիայի փոխնախագահը, նշեց, որ Քասունու հետ հանդիպել է 3.5 տարի առաջ «Երբ նա ասաց, որ փառատոն է կազմակերպելու, ես չէի հավատում, բայց նա կազմակերպեց այս կարևոր փառատոնը: Ուրախալի է, որ այն ունի նաև պետական աջակցություն, որովհետև իրականում համաշխարհային ճգնաժամի ժամանակ շատ հեշտ է կրճատել անիմացիոն փառատոնի բյուջեն: Ես լավ եմ հասկանում հայերին և նրանց խնդիրները: Անիմացիան կարող է կտրել և անցնել նախապաշարհմունքը և կարող է գտնել եզրեր: Հայկական անիմեն մեծ արդյունաբերություն չունի, և այն արտադրելու համար մեծ եռանդ է պետք: Քանի որ կա այս փառատոնը, այն օգնում է հայ անիմատորներին կայանալու գործում», ասաց նա:

Ճապոնիայի Առևտրի և արդյունաբերության, էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակեպված անիմացիոն դասընթացների դասախոս Յոշիհարու Աշինոն ասաց, որ Ուրախ է Հայաստանում հանդես գալ դասախոսությամբ: «Հայկական անիմեն անկախ է և յուրօրինակ: Եթե ես կարող եմ օգնել հայկական անիմացիայի զարգացմանը, ապա անչափ ուրախ կլինեմ: Ես սիրում եմ միշտ նոր բաներ պատրաստել: Ես կցանկանայի անընդհատ համագործակցել Հայաստանի հետ: Հայկական անիմեն բիզնես չի հետապնդում, բայց այն ներկայացնելու խնդիր ունի: Ես կցանկանայի, որ հայկական անիմացիան հաճախ ցուցադրվեին հեռուստատեսությամբ», նշեց նա:

Աշինոն Հայաստանում վարպետության դասեր կտա, կսովորեցնի անիմեներ ստեղծել, ցույց կտա ամերիկյան և ճապոնական անիմեների տարբերությունը, կներկայացնի նկարչության կարևոր կետերը:

Մաքս Հաուարդը վարելու է հայ թուրքական արհեստավարժության փակ դասը: Նախագիծը իրականանալու է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ:

Այս տարի Ucom ընկերության բաժանորդները կարող են անվճար դիտել ֆիլմերը և Ucom-ի ֆեյսբուքի էջի միջոցով քվեարկել: Փառատոնի ավարտից հետո ընկերությունը կընտրի լավագույն ֆիլմը:

ՖՈՏՈՇԱՐՔ