14 սեպտեմբերի 2011 - 16:45 AMT
Դպրոցներում նույնպես կնշեն ՀՀ անկախության 20-ամյակը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոբելյանին նվիրված հայրենասիրական միջոցառումներ և դասեր:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը հանձնարարել է համապատասխան շրջաբերականով վերոնշյալի մասին տեղեկացնել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին և նրանց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Համաձայն շրջաբերականի` բոլոր դպրոցներում կկազմվեն համապատասխան ուսումնական ծրագրեր և կկազմակերպվեն անկախության տոնին նվիրված միջոցառումներ, բաց դասեր և հանդիպումներ: