14 սեպտեմբերի 2011 - 18:44 AMT
Մոսկովյան 36 հասցեում բացվեց Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն

Այսօր` սեպտեմբերի 14-ին Մոսկովյան 36 հասցեում բացվեց Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևան» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակելի շենքի կողային ճակատին ամբողջությամբ պատկերված է Վարպետի 1923 թվականին ստեղծած կտավի գունագեղ խճապատկերը: Անվանի արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների ստեղծած «Ժպտա Երևան» ծրագրի աշխատանքային խումբը 3 ամիս առաջ էր քաղաքապետարանին առաջարկել շենքերի ճակատային հատվածի նորոգման ինքնատիպ լուծումն ու ստացել քաղաքապետարանի տեխնիկական ու մասամբ ֆինանսական աջակցությունը:

«Ժպտա Երևանի» հեղինակները նշել են, որ ծրագիրն ունի ինչպես գեղագիտական, այնպես էլ ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելով` երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում հայկական կերպատվեստը:

«Մինչ շենքերի խճանկարապատումը նախ արվեստագետների խումբն առաջարկում և քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքի հետ համահունչ թեմատիկա կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի: Այդուհետ, քաղաքապետարանի հաստատումից հետո, սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Սա առաջինն է, բայց վստահեցնում եմ, որ վերջինը չի լինի, առավել ևս, որ շենքերի անհրապույր ֆասադներ շատ կան մայրաքաղաքում»,- ընդգծել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

Սեպտեմբերին կավարտվեն նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Տպագրիչներ-Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոների հավաքման աշխատանքները: