14 սեպտեմբերի 2011 - 20:49 AMT
Ի՞նչ նպատակով են վրացական իշխանությունները խստացրել Վահագն Չախալյանի բանտային պայմանները

Վրացական իշխանությունները խստացրել են ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտային պայմանները: Ինչպես հաղորդել է բանտարկյալի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, սեպտեմբերի 12-ին նա այցելել է իր պաշտպանյալին, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութի 106 բանտախցում: Ոսկանյանի խոսքով, Այցելության ընթացքում Վահագն Չախալյանն իրեն տեղյակ է պահել, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են իր նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաև բանտային պայմանների էական խստացման միջոցով: Մասնավորապես, «առգրավվել են Վահագն Չախալյանին պատկանող բոլոր գրքերը, դրանք վերադարձնելու դիմումները մնում են անպատասխան: Բացի դրանից, նրա բանտախցում նախկինի համեմատ ավելի հաճախակի են դարձել ջրի անջատումները (երբեմն օրերով), միաժամանակ, նրան արգելվել է բանտախցում պահել ջրի համար բաքեր: Դա էապես դժվարացնում է բանտախցում տարրական հիգիենայի պահպանման հնարավորությունը»,- հաղորդել է Ոսկանյանը` հավելելով, որ Չախալյանը ժամանակ առ ժամանակ զրկվում է բանտային խանութից գնումներ կատարելու հնարավորությունից: Նախկինի համեմատ սահմանափակվել է Վահագն Չախալյանի` հեռախոսից օգտվելու հնարավորությունը. նրան օրերով չի թույլատրվում օգտվել հեռախոսից, «իսկ երբ նրան այնուամենայնիվ նման հնարավորություն է տրվում, ապա խոսելաժամանակը էապես սահմանափակվում է»: «Խոսակցությունների ընթացքում հաճախակի անջատում են հեռախոսակապը` հոսանք չլինելու անհիմն պատճառաբանությամբ»,- նկատել է նա` հավելելով, որ էապես սահմանափակված է նաև մերձավոր ազգականների հետ տեսակցելու Վահագն Չախալյանի իրավունքը: «Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո անցած երեք տարի երկու ամիս ժամանակաշրջանում նրան միայն մեկ անգամ` 15 րոպե տևողությամբ անձնական տեսակցություն են թույլատրել կնոջ և որդու հետ (վրացական օրենսդրությամբ նախատեսվում է, որ բանտարկյալը նման տեսակցության իրավունք ունի 3-ից 6 ամիսը մեկ` մինչև 24 ժամ տևողությամբ): Ոսկանյանի խոսքով, նախկինի համեմատ աճել են Վահագն Չախալյանին ահաբեկելու փորձերը, նրա նկատմամբ տարբեր սպառնալիքներ են հնչեցվում ինչպես խցակիցների, այնպես էլ բանտի պահակազորի կողմից:

Վերոնշյալ խախտումների մասին նամակով Չախալյանի փաստաբանը տեղյակ է պահել Վրաստանի հանրային պաշտպան Գիորգի Տուգուշիին` խնդրելով անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ` Վահագն Չախալյանի նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքը վերացնելու ուղղությամբ:

Վահագն Չախալյանը ձերբակալվեց 2008 թվականի ամռանը: Նրան մեղադրել են դիմադրության մեջ իշխանության ներկայացուցչին, զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Չախալյանի գործով դատավարության ընթացքում խախտումները մատնանշվել են ինչպես հայկական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Չախալյանի փաստաբանները որոշել են պաշտպանել նրա շահերը ցանկացած ատյաններում` ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: