15 սեպտեմբերի 2011 - 09:32 AMT
ԿԱՐԾԻՔ
ԱՄՆ-ը արջի ծառայություն է մատուցել ՀՀ իշխանությանը` գովելով աղանդավորների հանդեպ հանուրժողականությունը

Վերջապես, բացելով Հայաստանում իրադրության վերաբերյալ հերթական միջազգային տարեկան հաշվետվությունը, հայրենիքիդ մասին դրական արձագանքներ ես հանդիպում: Տվյալ դեպքում խոսքը գնում է ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ. կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հաշվետվության մասին: Հաշվետվության մեջ ԱՄՆ Պետքարտուղարությունը գովասանք չի խնայում` նշելով, որ հայկական իշխանությունները, եթե հաշվի չառնենք սրահների վարձակալության հետ կապված կազմակերպչական խնդիրների առնչությամբ «Եհովայի վկաների» կողմից որոշ բողոքները, ընդհանուր առմամբ ապահովում են այսպես կոչված կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Առաջին հայացքից դա կարող էր դրական ընկալվել… Բայց բավական է ուշադրություն դարձնել վերոհիշյալ կրոնական փոքրամասնությունների վրա, որոնց շնորհիվ մեր երկրում զարգանում է բարոյական սկզբունքների «քայքայումը», զանգվածների զոմբիացումը, ինչի արդյունքը կարող է հասարակության կատարյալ անկումը դառնալ: Հասարակության վրա այս խմբերի բացասական ազդեցությունը լավագույնս ընկալելու համար կարելի է փոքրիկ էքսկուրսիա կատարել որոշ աղանդների ձևավորման և դրանց դեմ միջազգային հանրության պայքարի ճանապարհներով:

Եվ այսպես… Մարդկանց բնական ձգտումը` բարեկեցիկ ապրելը բավական հմտորեն օգտագործվում է կրոնական խմբերի կողմից, որոնք երբեմն իդեալի են հասցնում մարդկային բանականության հոգեբանական մանիպուլյացիայի միջոցները: Նրանք կատարելագործել են մարդկանց վրա ճնշման մեթոդները` դրա հետ մեկտեղ ստեղծելով հզոր քրեական կառույց` հոգեբանական խարդախության յուրօրինակ համակարգ:

Ստացվում է, որ լուսավորման և մարդու իրավունքների պաշտպանության բավական հին ավանդույթներ ունեցող երկրները, ինչպիսին է, օրինակ, Ֆրանսիան, պարզապես որոշել են «ծաղրել» այսպես կոչված կրոնական փոքրամասնությունների՞ն: Բացի դրանից, արգելելով աղանդների գործունեությունը` եվրոպական երկրները, չգիտես ինչու, բռնատիրական կամ մարդու իրավունքները ոտնահարող չեն դարձել և հանգիստ շարունակում են իրենց գործունեությունը:

Այդ դեպքում ի՞նչն է տվյալ դեպքում խանգարում հայկական իշխանություններին` հետևելու նրան օրինակին: Միգուցե աղանդների հանդեպ «արդարության» «չափազանց» զգացո՞ւմը: Կամ էլ հավատարմությունը ամերիկյան արժեքներին, որոնք դժվար թե ոգով այդքան մոտ են հայկական մտածելակերպին…

Մի կողմից հայկական իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու սերտ հարաբերությունները և մյուս կողմից այդքան հանդուրժողական, նույնիսկ երևի «վախեցած» վերաբերմունքն աղանդների հանդեպ առայժմ անբացատրելի է, ընդ որում, անկասկած, մտորումների տեղիք է տալիս…

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News