15 սեպտեմբերի 2011 - 10:46 AMT
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության աղյուսակում կարող է հայկական թիմ հայտնվել

Ռուսաստանի ֆուտբոլային միության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Սերգեյ Ֆուրսենկոն ու Ռուբեն Հայրապետյանը ակտիվ բանակցություններ են վարում ՌԴ առաջնության ակումբների քանակը հայկական ակումբով համալրելու մասին, հայտնում է lifesports.ru-ն: Ինչպես հայտնի է դարձել, այդ գաղափարը կյանքի կոչելու երկու միջոց կա: Տարբերակներից մեկը Հայաստանի առաջնության մասնակից ակումբներից մեկի անցումը կլինի ՌԴ առաջնություն (առաջին դիվիզիոն): Մյուս տարբերակը նոր ակումբի ստեղծումն է ռուսաստանցի հայազգի խոշոր գործարարների միջոցով: Ըստ կայքի, մի շարք պոտենցիալ ներդրողներ արդեն համաձայնվել են անմիջական մասնակցություն ունենալ նախագծին ու ֆինանսապես աջակցել դրան:

Եթե Ռուսաստանի ֆուտբոլային միությունում դիվանագիտորեն խուսափում են մեկնաբանություններից, ապա ՀՖՖ-ում հաստատել են նման քննարկումների փաստը:

«Ես լիազորված չեմ քննարկելու այդ հարցը, քանի որ նախագծի մանրամասները, տարբերկներն ու ժամկետները համաձայնեցվում են ֆեդերացիաների նախագահների մակարդակով»,-հայտարարել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը: