15 սեպտեմբերի 2011 - 10:59 AMT
Քադդաֆին ՄԱԿ-ին է դիմել Սիրտը ՆԱՏՕ-ից փրկելու խնդրանքով

Գնդապետ Մուամար Քադդաֆին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է դիմել իր հայրենի Սիրտ քաղաքը ՆԱՏՕ-ի «վայրագություններից» փրկելու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը:

«Եթե Սիրտը մեկուսացրել են մնացած աշխարհից, որպեսզի այնտեղ վայրագություններ կատարվեն, ապա աշխարհը պարտավոր է անմասն չմնալ: Դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք և անհապաղ միջամտեք, որպեսզի դադարեցնեք այդ հանցագործությունները»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Քադդաֆիի նամակն է մեջբերում սիրիական Arrati TV հեռուստատեսությունը, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ներկայումս Սիրտը պահում են Քադդաֆիի կողմնակիցները:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադդաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոց կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնդակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

Օգոստոսի 22-ին լիբիական ընդդիմության ուժերը գրոհեցին Տրիպոլին, որից հետո իշխանությունն անցել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդին: Ապստամբների ուժերը համակարգում է Անցումային կառավարությունը, որը $1,6 մլն պարգև է առաջարկել կենդանի կամ մեռած Մուամար Քադդաֆիի համար: ԱԱԽ-ը նաև համաներում է առաջարկում ցանկացածին, ով կկարողանա լիկվիդացնել կամ գերի վերցնել լիբիական առաջնորդին: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ: