15 սեպտեմբերի 2011 - 12:05 AMT
Հայաստանի չորս պետական բուհեր կունենան անվճար WiFi անկյուններ

Վաղը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։ Այս մասին տեղեկացնում են ՀԵՀ-ի մամլո ծառայությունից։

Բացի ԵՊՀ-ից, վաղը WiFi «անկյուն» կբացվի նաև Հայաստանի պետական ագրարային համալսարանում։

Իսկ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ։

«Ինտերնետ առանց սահմանների» ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով ուսանողների կարիքը և կրթական գործընթացում համացանցի խիստ անհրաժեշտությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հաշվի առնելով հասարակության մեջ օրեցօր աճող հետաքրքրությունը WiFi ինտերների նկատմամբ, ինչպես նաև ընդառաջ գնալով մի շարք ուսանողների առաջարկներին, դիմել է Orange-ին ստեղծել WiFi անկյուններ։ Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նախատեսվում է անվճար WiFi անկյուններ բացել Երևանի բոլոր պետական և ոչ պետական բուհերում և ավագ դպրոցներում։

Ըստ ՀԵՀ-ի, ինտերնետը տեղեկատվության աղբյուր է, որն ուսանողները կարող են օգտագործել իրենց գիտելիքներն ընդլայնելու և տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար։

WiFi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։