15 սեպտեմբերի 2011 - 14:10 AMT
Երևանում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխանող նոր հեծանվահրապարակը

Սեպտեմբերի 15-ին Երևանում բացվեց հեծանվահրապարակը, որի շինարարությունն իրականացրել է իտալական «Ռենկո Արմսթեյթ» ընկերությունը: Բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և այլ պաշտոնյաներ ու մարզաշխարհի ներկայացուցիչներ:

«Ռենկո Արմսթեյթ» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին շնորհակալություն հայտնեց նախագահին ու քաղաքապետին աջակցության համար և նշեց, որ հեծանվահրապարակը կնպաստի այդ մարզաձևի զարգացմանը Հայաստանում: «Երկու տարի առաջ մենք խոստացանք, որ համալիրը պատրաստ կլինի խելամիտ ժամկետներում: Այսօր մենք ուրախ ենք, որ հաջողվեց ամեն ինչ անել բարձր մակարդակով, ըստ միջազգային չափանիշների»,-ասել է Ռուբինին:

Քաղաքապետը նշել է, որ արդեն պայմանավորվածություն կա, որ Երևանում կանցկացվի միջազգային մրցաշար և լավ է, որ հեծանվահրապարակի բացումը համընկավ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների հետ:

Նախագծային աշխատանքները մեկնարկեցին 2010թ. հունիսին, ծախսվեց 5 մլրդ 801 մլն 930 հազար դրամ: Հրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ունենալով 250 մ երկարություն: Այնտեղ կարելի է կազմակերպել նաև ֆուտբոլի ու թենիսի մրցաշարեր: Տրիբունաների տարողությունը 3200 հանդիսատես է: