15 սեպտեմբերի 2011 - 17:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Համասյանն իր ուսուցիչն է համարում հորեղբորը և Վահագն Հայրապետյանին

Բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, 2006 թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն ասաց, որ հայաստանյան համերգներից ստացված հասույթները ուղվելու են բարեգործության: Համասյանը, ով համերգ է տալու «Տիգրան Համասյան սոլո տրիոյի» հետ միասին (Տիգրան Համասյան - դաշնամուր, Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ - հարվածայիններ), համերգից ստացած ողջ հասույթը տրամադրելու է «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» բարեգործական ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը: «Փյունիկ» միության գործունեությանը ծանոթ եմ, ունեմ մոտիկ մարդիկ և համոզված եմ, որ հասույթը կծառայի իր նպատակին», լրագրողների հետ զրույցում հայտնեց Համասյանը: Դաշնակահարը, ով լրագրողների հետ զրույցը սկսեց իր նոր` «A Fable» ստեղծագործության կատարումով, ասաց որ կոնկրետ չի որոշել, թե ինչ ծրագրի կտրամադրվի հասույթը, այլ ասաց, որ թողնելու է հիմնադրամի հայեցողությանը:

Համասյանը նշեց, որ առայժմ չի ցանկանում վերադառնալ Հայաստան, քանի որ այստեղ հնարավորությունները շատ փոքր են: Իր ուսուցիչ Համասյանը համարում է հորեղբորը, ինչպես նաև դաշնակահար Վահագն Հայրապետյանին, սակայն իրեն չի համարում ջազ երաժիշտ: «Այն, ինչ նվագում եմ, դա զուտ ջազ չէ: Այն դարձավ ինձ համար ազատ իմպրովիզի գործիք», ասաց երաժիշտը: Դաշնակահարը հատուկ շեշտեց, որ հայկական մեղեդիները անսահման են, և ինչքան խորանում է այն ուսումնասիրելով, այնքան նոր բան է բացահայտում և կշարունակի դա անել մինչև կյանքի վերջ:

Հնարավոր է, որ հետագայում դաշնակահարը համերգից բացի վարպետության դասեր տա, սակայն այսօր նա մտածում է Հայաստան բերել հայտնի երաժիշտների:

Սեպտեմբերի 17-ին տրիոն համերգ կտա Արցախում՝ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում, սեպտեմբերի 18-ին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, սեպտեմբերի 19-ին Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Եզրափակիչ համերգը կայանալու է սեպտեմբերի 20-ին, ժամը 19:30-ին Ա.Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Համերգաշարը, որ կազմակերպում է PanARMENIAN Media-ն, ներկայացնելու է Համասյանի նոր, «Universal Music» ընկերությունում թողարկած «A Fable» ձայնասկավառակի ընծայման առթիվ:

ՖՈՏՈՇԱՐՔ