15 սեպտեմբերի 2011 - 17:48 AMT
Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան վարպետության դաս կտա Երևանում

Բրիտանական խորհրդի և ReAnimania երևանյան 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան կժամանի Հայաստան: Նա փառատոնի շրջանակներում կանցկացնի վերապատրաստման դասընթացներ փառատոնի մասնակիցների համար և կքննարկի համագործակցության հեռանկարներ:

Վերապատրաստման դասընթաներից բացի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը ReAnimania փառատոնի շրջանակում առաջին անգամ սահմանել է մրցանակ: Փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Թագավորության Աարդման ստուդիայում: Անիմացիոն արվեստի հայ մասնագետը հնարավորություն կունենա մեկ ամիս շարունակ աշխատել օսկարակիր մասնագետների հետ, ծանոթանալ բրիտանական անիմացիոն արվեստի նորարարություններին և ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր:

Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Աարդման ստուդիայում նկարահանվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Աարդման ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի` 4 անգամ արժանանալով հեղինակավոր այդ մրցանակին:

Աարդման ստուդիան համագործակցում է BBC-ի և Channel Four Television-ի, ինչպես նաև հոլիվուդյան ընկերությունների հետ: Ստուդիան հիմնադրել է Դեվիդ Սփրոքսթոնը իր ընկերոջ` Փիթեր Լորդի հետ 1972 թվականին: 1970-ին նրանք միասին նկարահանում են իրենց համատեղ առաջին անիմացիոն կինոնկարը: Այնուհետ BBC-ի մանկական ծրագրերի պորդյուսերը նրանց առաջարկում է փոսքրիկ ֆիլմեր ստեղծել մանկական հաղորդման համար: Նրանց կերտած առաջին մուլտիպլիկացիոն կերպարը Մորֆն է, որը և դառնում է BBC-ի «Մորֆիի զարմանալի արկածները» մուլտսերիալի գլխավոր հերոսն ու աստղը: